Լրահոս
Օրվա լրահոսը

«Անթույլատրելի եմ համարում, դա մտահոգիչ է գործադիրի հնարավոր ներգրավվածությունը, որ համալսարանը նշում է». Արման Թաթոյան

Հունիս 01,2018 13:13

«Քաղաքական ազդեցություններ, շահարկումներ ընդհանրապես չպիտի լինեն՝ կապված համալսարանի հետ: Կրթական օջախի, կրթական հաստատության հետ կապված դա անթույլատրելի է: Դա շատ ավելի վատ հետեւանքների է բերելու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով ԵՊՀ-ում բողոքի ցույցերի մասին՝ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա ասաց, որ դաս չեն քաղել, նախկինում զեկույցներում բազմիցս նշել է, որ չի կարելի քաղաքականացնել կրթական հաստատությունները. «Սա նաեւ հետեւանքներից է, որ դասեր չեն քաղել ու քաղաքական հետապնդման հարց է բարձրացվում: Այդպիսի բան չի կարող գոյություն ունենալ էությամբ, ի՞նչ է նշանակում քաղաքական հետապնդում՝ բուհի նկատմամբ: Բա բուհը կրթական հաստատություն է, ո՞նց կարող է կապ ունենալ: Եթե կան անօրինական գործողությունների վերաբերյալ պնդումներ, ապա պետք է քննություն տարվի կոնկրետ մարմինների կողմից»: Արման Թաթոյանն ասաց, որ ուսումնասիրել են եւ պետք է դիմեն իրավասու մարմիններին՝ հասկանալու՝ ստուգման գործընթաց, իրավական պետությունում իրավական գործընթաց ընթանո՞ւմ է, թե՞ ոչ, ամեն ինչ պետք է լինի իրավունքի գերակայությամբ, հակառակ դեպքում հետեւանքները կարող են ավելի վատ լինել:

Լրագրողների դիտարկմանը, որ ուսխորհուրդները կուսակցականացված էին դեռ վաղուց՝, ընտրությունների ժամանակ քաղաքականություն էին վարում՝ Թաթոյանը պատասխանեց. «Դրա համար չպետք է այդպես լիներ: Միշտ էլ մենք քննադատել ենք, դրա համար հետեւանքները տեսնում եք՝ մեր ասածները չանելու: Ես նաեւ անթույլատրելի եմ համարում, դա մտահոգիչ է գործադիրի հնարավոր ներգրավվածությունը, որ համալսարանը նշում է: Դա էլ պետք է պարզվի եւ պետք է թույլ չտրվի: Նախկինում թույլ տված վատը, որ եղել է, խախտումները չի նշանակում, որ նորից պետք է անել»:

Թաթոյանի խոսքով՝ թե ռեկտորը թույլ է տվել խախտումներ, թող տարվի քննություն եւ պարզվի, մեղավոր է, թող ենթարկեն պատասխանատվության, սա է իրավական պետության գործելաոճը:

Հարցին՝ Արամ Սիմոնյանը հիվանդանոցում է, նրա իրավունքների խախտում տեսնո՞ւմ եք՝ օմբուդսմենը պատասխանեց. «Դա իմ իրավասության մեջ չի մտնում գնահատել կոնկրետ պաշտոնատար անձի լիազորությունների հետ կապված իրավունքի հարցը»:

Նա ասաց, որ ԵՊՀ-ի հեղինակության հարցն է, այնտեղ բազմաթիվ արժանապատիվ մարդիկ են աշխատում, իսկ այս գործընթացները անհանգստացնող են:

Թաթոյանը հորդորեց, որ շարժվեն իրավական պետությանը հարիր:

Մենք հետաքրքրվեցինք՝ Միհրան Պողոսյանը բողոքում էր, որ օգնականի ձերբակալությունը քաղաքական հետապնդում է, վենդետա են իրականացնում, չե՞ք հետաքրքրվել՝ օմբուդսմենը պատասխանեց, որ իրեն չեն դիմել: Թաթոյանին չեն դիմել նաեւ ԱԱԾ-ի կողմից այս օրերին կանչվող Երեւան սիթիների աշխատակիցները. «Մենք ոչ մի ահազանգ չենք ստացել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930