Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը՝ Կրակեմ Հրաչը, որն այդ պաշտոնին նշանակվել է դեռ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ, այսօր իրականացնում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության պահպանությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը վերջինիցս հետաքրքրվեց, թե ինչու նա Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո շարունակեց մնալ իր պաշտոնին եւ հրաժարական չտվեց:
– Արդեն մեկուկես ամիս է, ինչ դուք ապահովում եք ՀՀ վարչապետի անվտանգությունը, հիմա կարո՞ղ եք ասել, թե Նիկոլ Փաշինյանի հետ է հեշտ, թե Սերժ Սարգսյանի։
– Դժվար է ասել։
– Ինչո՞ւ, մենք բավականին մեծ իրավիճակի փոփոխություն ունենք։ Նիկոլ Փաշինյանը հաճախ է քաղաքացիների հետ շփվում, մարդկանց մեջ մտնում, գրեթե բոլոր քաղաքացիները կարողանում են նրան մոտենալ, ինչը, օրինակ, չէր անում Սերժ Սարգսյանը։
– Այդ տեսանկյունից մեզ համար դժվար է դարձել։
– Կմանրամասնե՞ք։
– Ամեն անգամ, երբ ինքը մտնում է ժողովրդի մեջ, մեր թիկնապահները սթրես են ապրում։
– Ինչո՞ւ, սովո՞ր չեն այս իրավիճակներին։
– Ցանկացած նման բան պոտենցիալ վտանգ է ներկայացնում թիկնապահի համար պահպանության տեսանկյունից, թե չէ այլ խնդիր չկա։
– Հիմա այս իրավիճակը հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանի հե՞տ է դժվար աշխատել, թե՞ Սերժ Սարգսյանի։
– Ի՞նչ եք ուզում ինձանից լսել։
– Ո՞ւմ հետ է հեշտ եղել։
– Ես ասացի Ձեզ, ինչ-որ մի բան եք ուզում իմանալ, չկա նման բան, մենք մեր աշխատանքը նորմալ կատարում ենք։ Ծառայությունը աշխատում է, հասկանում եք, ծառայության համար նշանակություն չունի ղեկավարները, մարդիկ սովոր են իրենց գործին, մարդիկ իրենց գործի պրոֆեսիոնալներն են եւ աշխատում են պետության համար։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում