«Այստեղ բավականին մեծ չհասկացվածություն է տեղի ունեցել», – այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ խոսելով Սարդարապատի 100-ամյակի միջոցառման մասին: Հիշեցնենք, որ միջոցառումից հետո ՀՀԿ-ականները լուրջ դժգոհություններ էին ներկայացրել, որ ԱԺ նախագահը, փոխնախագահները, հանձնաժողովների նախագահները պատշաճ կերպով հրավիրված չեն եղել:
Աղաջանյանի խոսքով՝ «Սարդարապատի միջոցառումների հյուրերի ցանկը կազմվել է բացառապես այլ տրամաբանությամբ, քան մինչ այդ: Այդ միջոցառումը կազմակերպված է եղել դեռեւս նախորդ կառավարության օրոք, ֆինանսավորման մի զգալի հատված արդեն տրամադրված է եղել, որպեսզի այդ ծրագրերն իրականացվեն եւ մեր կառավարությունը, որը ստանձնել է երկրի կառավարման ղեկը, մենք ստացել ենք 2 ընթացիկ ծրագիր, որոնք ունեին համապատասխան իրենց հյուրերի ցանկը եւ այլն: Այն հյուրերի ցանկը, որը գոյություն ուներ այն ժամանակ,այն 90 տոկոսով կազմված էր ՀՀԿ-ի պատգամավորներով, մերձհանրապետական պատգամավորներով, մարզպետներով: Այնտեղ որեւէ ներկայացուցչական տրամաբանություն չկար: Էլ չեմ ասում, որ ժողովրդի՝ հասարակության տարբեր շերտերի ներկայացվածություն լիներ: Ըստ այդմ, մենք որոշեցինք, որ պետք է այս տրամաբանությունը փոխվի եւ օթյակներում ու պարտերում տեղ գտնեն ոչ այնքան պաշտոնյա անձինք, այլ հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչներ: Մենք ապահովում էինք առավելագույն ներկայացվածություն միջոցառումներին»;
Հարցին՝ Բաբլոյա՞նն էր խանգարում՝ նա պատասխանեց, որ Արա Բաբլոյանին հրավիրել էին, չխանգարեց. «Նա հրավիրվել է՝ որպես ԱԺ նախագահ, ծրարի վրա, որը մեր թիմով պատրաստել ենք, գրված է եղել ԱԺ նախագահ Արա Բաբլոյան»:
Նա ասաց, որ փաստացի ՀՀԿ-ից Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը ներկա են եղել միջոցառմանը ու եթե քվոտայի խնդիր է, հաստատ ավելի շատ ՀՀԿ-ականներ այնտեղ կլինեին՝ բացի Արա Բաբլոյանից:
Մեր հարցին՝ Հրանտ Մարգարյանն էլ էր դժգոհում, նույնիսկ ասել է, որ իրենք համարձակություն էլ չէին ունենա մեզ անտեսել, իսկ թե ինչու իրեն էլ չեք հրավիրել՝ իր համար շատ անհասկանալի է, անտեսե՞լ եք, մոռացե՞լ եք՝ Աղաջանյանը պատասխանեց. «Չէ, մենք բոլոր խմբակցություններից հրավիրել ենք 3-ական պատգամավոր»: Երբ հուշեցին, որ Հրանտ Մարգարյանը պատգամավոր չի՝ նա պատասխանեց. «Ինչպես ասացի, տրամաբանությունը եղել է այլ, օթյակում տեղ են հատկացվել Մարտի 1-ի զոհերի ծնողներին, ազատամարտիկներին, հաշմանդամ մարդկանց: Իհարկե, մեզ էին քննադատում բանակի քեֆի տրամաբանության համար, ես կարծում եմ՝ հակառակն է, իրենք են նախկինում գործել բանակի քեֆի տրամաբանությամբ, իրենց մերձավորներին են հրավիրել: Համապետական միջոցառումներին պետք է ներգրավեն հասարակության բոլոր շերտերը»:
Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ եք ասում թյուրիմացություն է, ուրեմն դա հստակ որդեգրած գործելաոճ ՝ Աղաջանյանը պատասխանեց, որ թյուրիմացություն ասել են այն մասով, որ տեղեկություն տարածվեց, թե ԱԺ նախագահին չեն հրավիրել:
Մեր հարցին՝ ՀՀԿ-ականներն ասում են՝ թող այսքան բացատրություններ տալու փոխարեն ասեին՝ ներողություն, սխալվել ենք, չե՞ք պատրաստվում ներողություն խնդրել՝ Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ