Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը չի ընդունում իրեն առաջադրված կասկածանքը։ Նա պնդում է, որ դեպքի վայրում չի եղել, այլ՝ տանը։ Այս մասին ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Վերջինիս խոսքով՝ Համբարձումյանին եւ մյուս 4 անձանց ձերբակալելու օրինականության հետ կապված խնդիր կա։ «Օրինականության հետ կապված խնդիր կա, որովհետեւ քրեական գործի շրջանակում ոստիկանությունը կասկածանքով բերման է ենթարկում, այնինչ նման կարգով չի դա, հանձնարարությամբ պետք է կատարվի, այսինքն` օպերատիվ մարմինն ինքն իր նախաձեռնությամբ դա չի կարող անել։ Անձինք չեն ծանուցվել, նրանք բոլորը իրենց բնակարաններում են եղել եւ բերման ենթարկվել, ինչը դատավարական կարգի խախտում է։ Երկրորդը՝ ես խիստ կասկածում եմ, որ առկա է հիմնավոր կասկած, որ իմ պաշտպանյալներից ոմանք այդտեղ են եղել դեպքի օրը։ Իրենք ալիբի ունեն եւ այդտեղ չեն եղել, ինչի մասին հայտարարում են։ Ես չեմ հասկանում, սա ինչ-որ 37 թվի է նմանվում, պարզապես ձերբակալում են նոր իշխանություններին դուր գալու համար»։
– Պարոն Աթանեսյան, ձերբակալված 5 անձինք էլ, ըստ ձեզ, դեպքի վայրում չե՞ն եղել։
– Նրանցից մի քանիսը լուռ են, չեն ասում, իսկ մյուսներն էլ հայտարարում են, որ պարզապես այդտեղ չեն եղել։ Դա չի նշանակում, որ մնացածը եղել են, ուղղակի լռության իրավունքից են օգտվում։
– Դավիթ Համբարձումյանը լռողների շարքո՞ւմ է:
– Ոչ, առաջինն ինքն է ասել, որ բնականաբար այդտեղ չի եղել, բնական է, չի էլ մասնակցել զանգվածային անկարգություններին։ Իր դեպքում շատ անլուրջ կլիներ, փողոցում մարդ ծեծելուն չէր կարող մասնակցել, նա քաղաքապետ է՝ ժողովրդի կողմից էլ ընդունված։
– Պարոն Աթանեսյան, այս գործի շրջանակում ձեր վստահորդների բնակարաններում խուզարկություններ կատարվե՞լ են։
– Նման տեղեկություն չունեմ, իմ իմանալով՝ ոչ։
– Ձեր վստահորդներին ձերբակալելու որոշումները վիճարկելո՞ւ եք։
– Անպայման։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում