ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս մի խումբ արվեստագետներ, մտավորականներ և քաղաքական գործիչներ բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին՝ Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցով։ «Արմենպրես»-ը դիմեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը՝ հարցի հետ կապված ՀՀ նախագահի դիրքորոշմանը տեղեկանալու համար։
«Գործող Սահմանադրության 134-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:
Այսինքն, Սահմանադրության նշված կարգավորման ուժով ՀՀ նախագահը քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու հարցերի վերաբերյալ լիազորությունը կարող է իրացնել բացառապես օրենքով սահմանված կարգի շրջանակում, իսկ համաձայն օրենքի նշված կարգավորումների՝ անհրաժեշտ է անձի կողմից նոր դիմումի ներկայացում, համապատասխան հանձնաժողովի կողմից դրա քննարկում, այնուհետև՝ ՀՀ վարչապետի կողմից առաջարկության ներկայացում ՀՀ նախագահին»,-պարզաբանեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչությունից միաժամանակ նշեցին, որ 2008 թվականի նոյեմբերի 18-ի՝ Ժիրայր Սեֆիլյանի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումը մերժելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՆՀ-311-Ա հրամանագրի համար իրավական հիմք է հանդիսացել հրամանագրի ընդունման պահին գործող Սահմանադրության 55-րդ հոդվածի 15-րդ կետը և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և 26-րդ հոդվածները: