Մասիսի քաղաքապետին ազատ արձակելու պահանջով բողոքի ցույցը սնվում է երկիշխանության տված «բարիքներից»։ Հատկապես տեղացիները շատ լավ գիտեն այդ քաղաքապետի, նրա հարազատների, սանիկների «քաջագործությունները»։ Հենց տեղացիներն են տարիներով ապրել այն մթնոլորտում, որը ստեղծել են Մասիսում քաղաքապետն ու նրա հարազատները։ Հեղափոխությունը հնարավորություն է տվել մասիսցիներին ազատագրվել այդ մթնոլորտից եւ բողոքի ցույցին դուրս եկած խմբերին քաղաքակիրթ հակազդելու համար։ Բայց նրանք չօգտվեցին այդ հնարավորությունից։ Ավելին, քաղաքապետի թիմից անհատական արտոնություններ ու տարբեր տեսակի «լավություններ» ստացած մի քանի տասնյակ մասիսցիներ առանձնակի «դուխով» էին ցույց անում: Իսկ պատճառը մեկն է՝ մարդիկ ենթագիտակցորեն վստահ չեն, որ հեղափոխությունը վերջնական հաղթանակի կհասնի ու իրենք կազատագրվեն ՀՀԿ-ի կրիմինալ խմբավորումներից, որ այդ խմբավորումները կկորցնեն հասարակական կյանքի վրա իրենց ազդեցությունը և հենց ժողովուրդը կդառնա կամք թելադրող նաև Մասիսում ու այլուր։ Այս իրավիճակին նպաստում է նաև նոր կառավարության որդեգրած հանդարտությունը, որը դեռ դիտվում է որպես թուլության նշան։
Ունենալով պատասխանատվություն, կառավարությունը բնականաբար պարտավոր է Հայաստանում ցրել անպատժելիության մթնոլորտը։ Բնականաբար, առաջին քայլերը արվում են ոչ թե տարիներ շարունակ իրականացված ալան-թալանը, կոռուպցիոն խոշոր գործարքները բացահայտելու և ներկա ու նախկին պաշտոնյաներին բացահայտելու ու պատժելու ուղղությամբ, այլ, օրինակ, նախահեղափոխական օրերին ցուցարարների վրա հարձակումներ կատարած քրեական տարրերին հայտնաբերելու ուղղությամբ։
Բայց այստեղ առաջ են գալիս այլ խնդիրներ։ Եթե, օրինակ, այդ հարձակումներին մասնակցել են 100 հոգի, ինչպես օրինակ Էրեբունիում, իրավապահներին ու լրատվամիջոցներին հաջողվում է բացահայտել նրանցից ընդամենը մի քանիսին։ Նորմալ պայմաններում իրականացվող քննության շնորհիվ այդ մի քանիսի ցուցմունքների հիման վրա կարելի է բացահայտել բոլոր հարձակվածներին, սակայն դա տեղի չի ունենում։
Նրանք մի քանի օր կանցկացնեն անազատության մեջ, բայց ցուցմունքներ չեն տա, թե ով է կազմակերպել, ով է ֆինանսավորել, ով է մասնակցել այդ հարձակումներին։ Ցուցմունք չեն տա, քանի որ վստահ են, որ դատախազությանը, դատարաններին «ասողը» դեռ իրենց նախկին հովանավորներն են՝ ՀՀԿ-ական «էլիտան»։ Իսկ քանի որ նոր կառավարությունը որդեգրել է օրինականությունը որպես գերակայություն, նրանք շատ շուտով կհայտնվեն ազատության մեջ։ Իսկ դա հենց անպատժելիությունն է, ինչն էլ խիստ բարդացնելու է հեղափոխությունը տրամաբանական ավարտին հասցնելու ճանապարհը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում