Այսօր ԱԺ-ում կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հարցին՝ բացահայտումներ առաջիկայում կտեսնե՞նք, թե ինչ չարաշահումներ են եղել կառավարության աշխատակազմում՝ պատասխանեց. «Կարծում եմ, որ այս ընթացքում այս գործընթացը կբերի նաեւ նման ընթացքի, որովհետեւ արդեն իսկ նկատելի են որոշ չարաշահումների դրսեւորումներ»: Նա ասաց, որ օրենքի սահմաններում համապատասխան ընթացք կտրվի դրանց:
Ինչպես հայտնել ենք, այսօր Աղաջանյանը խոսեց նախկին կառավարության անարդարացի եւ անտրամաբանական ծախսերի մասին, մասնավորապես, նա մատնանշեց դիզվառելիքի եւ ծառայողական մեքենաների ծախսը: Նախկին կառավարության գործուղումների ծախսերը եւս հանրության մոտ դժգոհություններ էին առաջացնում: Այս առնչությամբ հարցին, որ նախկին պաշտոնյաները մեկնում էին բիզնես կլասով, բարձրակարգ հյուրանոցներում էին մնում, շռայլ ծախսեր անում, այս մասով դուք ի՞նչ եք վերանայել եւ ձեր գործուղումների կազմը որքանո՞վ է տարբերվելու նախկիններից՝ Աղաջանյանը պատասխանեց. «Ես ձեզ պետք է տեղեկացնեմ, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր այցը Աստանա իրականացրել է էկոնոմ կլասի չվերթով՝ նաեւ հետադարձ ուղղությունը: Այսուհետ սա է լինելու մեր կառավարության աշխատաոճը: Եթե փոխվարչապետը էկոնոմ կլասով է երթեւեկում, բնականաբար, բոլոր մնացած նախարարները պետք է երթեւեկեն էկոնոմ կլասով:
Նա վստահեցրեց, որ միանշանակ, կրճատվելու են գործուղումները՝ բոլոր ուղղություններով, կրճատվելու է թե՛ պատվիրակությունների կազմը, թե՛ մնացած ծախսերը: Օրինակ, Տիգրան Ավինյանը մեկնել է մենակ՝ առանց պատվիրակության:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ». Մինչդեռ երեկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վարչապետի (անցյալում՝ նախագահի) ինքնաթիռով էր մեկնել Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների նիստին։