Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ավելացել են օֆշորային ներդրումները. «Ժողովուրդ»

Հունիս 01,2018 13:05

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների մասին հաշվետվությունը։ Նախ արձանագրենք, որ դրանք հունվար- մարտ ամիսների ցուցանիշներն են, երբ Սերժ Սարգսյանը նախագահն էր, իսկ Հայաստանի վարչապետը Կարեն Կարապետյանն էր; Այսինքն՝ ներդրումների վերաբերյալ հաշվետվությունը պետք է դիտարկել նախորդ կառավարության արձանագրած ցուցանիշների համատեքստում։

Ընդ որում՝ դրանք արձանագրվել են այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանում դեռեւս չէին սկսվել քաղաքական գործընթացները՝ Նիկոլ Փաշինյանի «Թավշյա հեղափոխությունը»։ ՎԿ-ի՝ ներդրումների վերաբերյալ հրապարակած ցուցանիշները արձանագրվել են այն ժամանակ, երբ երկիրը քաղաքականապես համեմատաբար շատ հանգիստ վիճակում է գտնվել։

ՎԿ տվյալներից պարզեցինք, որ պաշտոնապես Հայաստանում ուղղակի ներդրումները ավելացել են. եթե 2017 թվականի հունվար-մարտին ուղղակի ներդրումները կազմել էին 19 մլրդ 743 մլն դրամի չափ, ապա 2018 թվականի նույն ժամանակահատվածում այս թիվը բավականին ավելացել է։ Այսինքն՝ մոտ 2 անգամ ավելացել են ներդրումների ծավալները։

Բայց երբ մանրամասն սկսում ենք վերլուծել այս ցուցանիշները, ստացվում է ոչ այնքան հուսադրող պատկեր։ Բայց մյուս կողմից նկատենք, որ օֆշորային ներդրումները հիմնականում ավելացել են Ջերսիի կղզիներից։ Ինչպես հայտնի է, այնտեղից ներդրումներ են կատարվել Հայաստանի հարավում գտնվող Ամուլսարի հանքավայրում։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը նախատեսում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ օֆշորային է, որը 2006 թվականին գրանցվել է Ջերսիում՝ Չաննել կղզիում։ Նկատենք, որ Ջերսիից այս տարվա հունվար-մարտին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի ավելացել են ուղղակի ներդրումների ծավալները՝ մոտ 15 մլրդ դրամով։ Այսպես, ըստ ՎԿ-ի՝ եթե 2017 թվականի հունվար-մարտին օֆշորային այս կղզուց եկած ուղղակի ներդրումները կազմել են 5 մլրդ 760 մլն 800 հազար դրամ, իսկ ահա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 20 մլրդ 640 մլն դրամ:

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930