Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստ Մարուքյանն «Առավոտից» տեղեկացավ, որ Վանաձորի ԲՀԿ կառույցի ղեկավարն է դարձել Լոռու մարզպետ. «Սպասելի չէր»

Հունիս 01,2018 12:11

Քիչ առաջ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակեց 8 մարզպետների: Լոռու մարզպետ դարձավ Հրանտ Մարգարյանը: Նա Վանաձորի ԲՀԿ կառույցի ղեկավարն է, համայնքի ավագանու անդամ, գործարար:

Aravot.am-ը Մարգարյանի նշանակման մասին զրուցել է մինչ երեկ մարզպետի պաշտոնի հավանական թեկնածուների հետ:

Ալավերդու «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ տնօրեն Օլեգ Դուլգարյանն այս նշանակման մասին բացասական կարծիք ունի. «Կոնկրետ տվյալ անձին չեմ ճանաչում եւ գնահատականներ չեմ կարող տալ: Իսկ ինչ վերաբերվում է կոալիցիոն սկզբունքով նշանակմանը, այսինքն, որ որեւէ կուսակցության ներկայացուցիչ պետք է լիներ, դա եւս զարմանալի չէր: Մարդիկ, որոնք դուրս են եկել փողոցներ, պայքարել են, իրենք այլ պահանջներ ունեին, այլ անուններ էին շրջանառվում, որպես թեկնածու, բայց այդ թեկնածուի անունը, որը նշանակվեց, չէր շրջանառվում: Այսինքն, այստեղ մի քիչ հիասթափություն կա այն առումով, որ ոչ մի ձեւ հաշվի չի առնվել՝ թե՛ քաղաքացիական հասարակության, թե՛ ուղղակի հանրության կարծիքը: Այս որոշմանն ավելի շատ բացասական եմ վերաբերվում»:

Խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին, Դուլգարյանն ասաց, որ քաղաքական ուժից առանձնապես սպասելիքներ չունի. «Այս քաղաքական ուժը նախկինում եղել է եւ՛ ընդդիմության, եւ՛ կառավարության մեջ: Միակ հույսս այն է, որ կառավարությունն այնպես կկազմակերպի, որ բոլոր մարզպետները կաշխատեն անաչառ եւ առաջ չեն տանի իրենց կուսակցական շահերը»:

Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար, Վանաձորի համայնքի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանն էլ ասաց, որ ինքը նշանակման մասին տեղյակ չի, եւ մեզնից իմացավ, որ Մարգարյանը դարձել է Լոռու մարզպետ. «Չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված այս նշանակումը: Եթե կներկայացնեն, թե ինչ հիմնավորմամբ ու ինչ նպատակով է նշանակումը եղել, ընդամենը կարող եմ մաղթել լավ աշխատանք, մնացածն ընթացքը ցույց կտա: Ճիշտն ասած՝ սպասելի չէր, բայց այս ընթացքում այնքան տարբեր անուններ քննարկեցին, որ արդեն ցանկացած տարբերակ սպասելի էր: Ավագանու ու մարզպետի աշխատանքը չի կարելի համեմատել, դրանք բնույթով եւ էությամբ տարբեր բաներ են: Եվ այս պահին չի կարելի ասել, թե ինչպիսի մարզպետ կլինի պարոն Մարգարյանը: Իսկ որպես ավագանու անդամ, մյուսներից ո՛չ լավ, ո՛չ վատ առումով էապես չի տարբերվել»:

Մյուս թեկնածուների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային խորհրդի նախագահ Արամ Խաչատրյանի եւ նույն կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի խորհրդի անդամ Անդրեյ Ղուկասյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Հրանտ Մարգարյանի ֆեյբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930