«Նոր՝ անլիազոր նախագահի նստավայրի նորոգման համար ի՞նչ գումարներ են ծախսվել, ի՞նչ աղբյուրներից»,- այսօր խորհրդարանում Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էմիլ Տարասյանին հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Նախագահն իր աշխատակազմով այսօր աշխատում է եղած լիազորությունների սահմանում եւ ունի բավական ծանրաբեռնվածություն՝ հաշվի առնելով, որ աշխատակազմը դեռեւս հիսուն տոկոսով է համալրված»,- «անլիազոր նախագահ» դիտարկմանը հակադարձեց Էմիլ Տարասյանը:
Ինչ վերաբերում է վերանորոգումների համար կատարված ծախսերին, Էմիլ Տարասյանն ասաց, որ դրանք այլ պետական մարմիններ են իրականացրել, գումարները նախագահական աշխատակազմին չեն տրամադրվել: Ամբողջական գումարի չափ չկարողացավ ներկայացնել: Խոստացավ մանրամասներ ձեռք բերել եւ փոխանցել պատգամավորին: Բայց ասաց, որ դեռ բավական ծախս պետք կլինի` շենքը համապատասխանի աշխատանքային պայմանների բերելու համար. «Այնտեղ հիմնականում դահլիճներ են, ոչ աշխատանքային տարածքներ: Պետք է ամբողջը ազատել, ինչը պատճառ է հանդիսանում աշխատակազմի դանդաղ համալրման: Եթե արագ համալրենք, գրասենյակային պայմանների խնդիր ենք ունենալու»:
Ըստ ներկայացված տեղեկանքի, 2017 թվականին նախագահի աշխատակազմում 97 միլիոն դրամ են տնտեսել`գործուղումների համար նախատեսված ծախսերից: 35 միլիոն էլ` էներգետիկ: Գումար է տնտեսվել նաեւ այլ ծախսերով`գրասենյակային ապրանքների, կապի եւ այլն: Անցած տարի քաղաքացիություն է ստացել 899 անձ, 495-ը` հատուկ կարգավիճակ: 727 անձ նախագահից շքանշան, մեդալ է ստացել, 92-ը`մրցանակ, 12-ը`պետական մրցանակ, 38-ը շնորհակալագրեր:
300 միլիոն դրամ նախատեսված է եղել նորոգման աշխատանքների համար: Գումարը չի ծախսվել, ամբողջությամբ բյուջե են վերադարձվել: Մոտ 12 միլիոն դրամ նախատեսված է եղել արտասահմանյան հյուրերին ընդունելու համար. ամբողջը ծախսվել է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ