ՀՀԿ պատգամավոր Մուրադ Մուրադյանը ստորագրահավաք է կազմակերպել՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին գրավի դիմաց ազատ արձակելու համար:
Այսօր ԱԺ-ում նա ասաց, որ 8 ստորագրություն են հավաքել, փաստաբաններն ասել են, որ իրավական առումով մեկից ավելի ստորագրությունը բավարար է՝ որպես երաշխավորագիր:
Թե ինչ արձագանք է եղել, ընդունե՞լ են երաշխավորագիրը, թե ոչ՝ Մուրադյանն ասաց, որ դեռ չգիտի:
Մուրադյանի խոսքով՝ «Երբ որ կապացուցվի, որ քաղաքապետն, իր տեղակալները, մեկնումեկին մի հատ ապտակել են, մի հատ քար են նետել, եսիմ ինչ են արել՝ ես ձեզ հետ միասին այդ կարծիքին կմիանամ»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն, հանիրավի՞ են նրան մեղադրում՝ Մուրադ Մուրադյանը պատասխանեց. «Այսօր կերեւա: Այսօր կլինի դատական նիստ, ամբողջը կերեւա»:
Մեր հարցին՝ դուք խոսե՞լ եք իրենց հետ, ինչո՞ւ եք համոզված, որ չեն ապտակել ու որեւէ հանցանք չեն արել՝ նա պատասխանեց. «Ես Դավիթ Համբարձումյանին ճանաչում եմ շա՜տ դեռ ծնված ժամանակվանից: Միակ մարդն եմ այս երկրում, որ տարբեր պաշտոնների ժամանակ ապրել եմ գյուղում եւ ապրում եմ գյուղում: Դավիթ Համբարձումյանը շատ հանգիստ, համեստ, խելոք տղա է եղել: Ես չգիտեմ, հիմա Ռեմբոյի արկածներից եք պատմում արդեն, ես զարմանում եմ, որ ինքը նման բանի ընդունակ է: Դավիթ Համբարձումյանի՝ քաղաքապետ եղած ժամանակ կարող եք ամբողջ բնակչությանը հարցնել՝ նա ինչպիսի քաղաքապետ է եղել եւ նախկիններն ինչպես են աշխատել: Կարող եք ժողովրդից հարցնեք: Ես որ գովեմ՝ պետք ա ասեք դե լավ, հա, ձեր մոտիկն ա, ծանոթն ա, մի գյուղում ապրել եք, դրա համար եք ասում: Գնացեք ժողովրդին հարցրեք՝ ճիշտը դա կլինի: Իսկ եթե նման բան արել է՝ կերեւա, ինչ ասեմ»:
Հարցրեցինք՝ այսինքն, նրան ճանաչելով՝ գտնում եք, որ ապտակող չէր, այդ ամենը անող չէր, ինչ նկարագրվում է մեղադրանքում՝ Մուրադյանը պատասխանեց. «Այսօրվա դրությամբ ոչ մի այդպիսի փաստ դեռ ես չեմ տեսել, չեմ լսել: Եթե կլինի, բոլորս միասին կտեսնենք, կլսենք»:
Հարցին՝ դուք ուզում եք, որ ինքը ազա՞տ արձակվի՝ Մուրադյանը պատասխանեց, որ իրենք ընդամենը երաշխավորել են, եւ ֆինանսական առումով երաշխիքներ են ներկայացրել, որ եթե Դավիթ Համբարձումյանը կալանքից ազատվի՝ քննությանը չի խոչընդոտի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ