Լրահոս
Օրվա լրահոսը

Շշեր՝ վարչապետի ուղղությամբ. Վրաստանում ցույցերը չեն դադարել անգամ դատախազի հրաժարականից հետո

Հունիս 01,2018 11:37

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում հազարավոր մարդիկ բողոքի ակցիայի են դուրս եկել այն բանից հետո, երբ կայացվել է դատավճիռ՝ մայրաքաղաքի կենտրոնում երկու անչափահասների սպանության աղմկահարույց գործով: Ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը և պատժել սպանության մեղավորներին, հաղորդում է BBC-ն:

16-ամյա Դավիթ Սարալիձեն և Լևան Դադունաշվիլին մահացել են 2017թ. դեկտեմբերի Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած դեռահասների խմբի հետ կռվի հետևանքով: Քննության տվյալներով՝ անչափահասների միջև վիճաբանությունը սկսվել է դեռ դպրոցում, որից հետո շարունակվել փողոցում:

Դադունաշվիլին մահացել է տեղում դանակից ստացված վերքերից, իսկ Սարալիձեն մահացել է երկրորդ օրը հիվանդանոցում: Դեռահասների դաժան սպանությունը մեծ աղմուկ է բարձրացրել Վրաստանում: Դատախազության տվյալներով՝ հարցաքննվել է ավելի քան 100 վկա, բայց քննության հետ համաձայնվել են համագործակցել միայն մի քանիսը:

Հինգշաբթի Թբիլիսիի քաղաքային դատարանը կասկածյալներից մեկին մեղավոր է ճանաչել Դադունաշվիլիին միտումնավոր սպանելու համար: Երկրորդ մեղադրյալը մեղավոր է ճանաչվել ոչ թե սպանության, այլ միտումնավոր սպանության փորձի համար: Երկուսն էլ անմեղ են ճանաչվել Սարալիձեի խմբակային սպանության մեղադրանքով:
Դատավճիռն առաջացրել է սպանվածներից մեկի հոր՝ Զազա Սարալիձեի դժգոհությունը, որն ավելի վաղ դատախազությանը մեղադրել էր ոչ օբյեկտիվ հետաքննության մեջ: Նրա պնդմամբ՝ գերատեսչության նախկին աշխատակիցներից մեկը հովանավորում է մեղավորներին և խոչընդոտում օբյեկտիվ հետաքննությանը:
,Իմ որ որդուն սպանածները պատժված չեն: Ովքե՞ր են սպանել իմ որդուն… Ամբողջ Վրաստանը եկել է ինձ աջակցելու: Շոթաձեի (գլխավոր դատախազ-խմբ.) համակարգը պետք է ոչնչացվիե,-բղավում էր Սարալիձեն դատավճռի հրապարակումից հետո:
Որոշ ժամանակ անց դատախազության դիմաց ցույցերի ֆոնին գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հրաժարական է տալիս: Նրա խոսքով՝ իր հասցեին հնչած չհիմնավորված մի շարք մեղադրանքներ քաղաքական վրեժ են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որոնք պատասխանատվության են ենթարկվել օրենքի առաջ իր դատախազ եղած ժամանակ:

Չնայած գլխավոր դատախազի հրաժարականին՝ ցուցարարները չեն ցրվել: Երեկոյան նրանք երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք, որտեղ արդեն քաղաքական պահանջներ են հնչել, ընդհուպ մինչև երկրի վարչապետի հրաժարականը: Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին փորձել է խոսել ցուցարարների հետ, բայց ապարդյուն: Այն բանից հետո, երբ կառավարության ղեկավարի ուղղությամբ շշեր են նետվել, նա ստիպված հեռացել է:

Ավելի ուշ Կվիրիկաշվիլին մամուլի ասուլիս է հրավիրել՝ խոստանալով, որ անչափահասների սպանության գործը կփոխանցվի ՆԳՆ-ին, իսկ հետաքննությունը կղեկավարի ներքին գործերի նախարարը և փոխվարչապետը: Նա նաև նշել է, որ եթե իր հրաժարականը կօգնի երկրին և կթուլացնի ստեղծված իրավիճակը, առանց հապաղելու կանի այդ քայլը: Բայց այս պահին իրավիճակն այլ՝ կարծում է Կվիրիկաշվիլին:
Ցույցերի կազմակերպիչներին իրենց հերթին հայտարարել են, որ ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել: Դիմելով ցուցարարներին՝ Սառալիձեն հայտարարել է, որ սպասում է վարչապետի հրաժարականի մասին հայտարարությանը:

Ցուցարարները մտադիր են այսօր վերսկսել բողոքի ակցիաները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930