«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կարծում է, որ Հայաստանի նման աղքատ երկրում հատուկ ուշադրություն պետք է արժանացվի արտաբյուջետային ծախսերի կրճատման վրա: Խորհրդարանում շարունակվող 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ պատգամավորը բացահայտում արեց. բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգում աղյուսակում ինքը նկատել է, որ գործուղումների եւ շրջագայությունների ծախսերի համար անցյալ տարի տրամադրվել է 3 միլիարդ 794 միլիոն դրամ: «Ովքե՞ր են շրջագայել, ովքե՞ր են շարունակելու շրջագայել, ովքե՞ր են աղքատ մարդկանց փողերի հաշվին շրջագայողներին պատասխանատվության ենթարկելու»,- ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց Տիգրան Ուրիխանյանը` հավելելով, որ մեկ միլիոնանոց աղքատություն ունեցող երկրում արտաբյուջեները պետք է տնտեսվեն:
Նա նաեւ պետական կազմակերպություններին տրամադրված սուբսիդիաների մասին մանրամասներ խնդրեց: Ասաց`4 միլիարդից ավելի սուբսիդիաներ տրվեն են նաեւ ոչ պետական կազմակերպություններին: Եթե առաջինի դեպքում հասկանալի է պետական սուբսիդիայի գաղափարը, երկրորդի մասով`անհասկանալի է: Նաեւ 17 միլիարդ էլ տրամադրվել է մեքենաների եւ սարքավորումների ձեռքբերման համար:
Ատոմ Ջանջուղազյանը բացատրեց`տնտեսագիտական ստանդարտներով են անվանումները գրած. «Շրջագայությունների համար ոչ ոքի գումար չի տրամադրվել, տրամադրվել է գործուղումների համար»: Թվերը ներկայացված են առանձին մարմինների հաշվետվություններում, նաեւ, յուրաքանչյուր գործուղումից հետո հաշվետվություն է ներկայացվում, անգամ եթե գործուղումը պետական միջոցների հաշվին չի եղել: Այլ հարց է`առանձին տեսակետները, դրանց արդյունավետության մասին:
Սուբսիդիաների մասով էլ ասաց, օրինակ` ջրօգտագործողներին`ՋՕՅ-երին է տրամադրվում սուբսիդիաներ, որոնք ոչ պետական կազմակերպություն են ձեւակերպված: Խոստացավ`տրամադրել այն բոլոր կազմակերպությունների ցանկը, որոնք սուբսիդիաներ են ստացել: Խոստացավ նաեւ առանձին ներկայացնել թե ո՞ր հիմնարկի համար եւ ի՞նչ ավտոսարքավորման գնման մասին է խոսքը, եթե այն իր մեջ գաղտնիք չի պարունակում: Կան նաեւ գաղտնիք պարունակող դեպքեր:
Նախարարի պատասխանները Տիգրան Ուրիխանյանին չհամոզեցին: Ասաց`իր մեկնաբանությունները կապ չունեն. «Հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց`քշելով այն իշխանություններին, ովքեր ծախսում էին երկրիս փողերը`նման ձեւերով: Հիմա`լավ, շարունակելու ենք նույն կե՞րպ»:
Ատոմ Ջանջուղազյանը հավելեց`ԱԺ-ի կողմից հաստատված ձեւաչափով նախագիծ է, եկող տարվա բյուջեում կարելի է այդ ձեւակերպումը փոխել, բայց չկա մի երկիր, որին գործուղումները պետք չլինեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ