«Թող մարզպետները հերթով ոտքի կանգնեն, որպեսզի կառավարության անդամները նրանց տեսնեն»,-այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր կառավարությանը ներկայացրեց նոր մարզպետներին:
Տասը մարզպետից նշանակվեց ութը. Սյունիքի ու Արմավիրի մարզերի մարզպետների նշանակումն այսօր տեղի չունեցավ:
Վարչապետն ասաց, որ գործում են քաղաքական պայմանավորվածություններ եւ մարզպետների նշանակումն իրականացվում է կառավարության մեջ ներգրավված ուժերի հետ քննարկումներով. «Այս պահին, փաստորեն, տասը մարզպետից նշանակում ենք ութին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվելով, թե կա՞ն դեմ կարծիքներ նշանակումներին: Որեւէ կարծիք չլսելով, Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նրանց ու մաղթեց արգասաբեր գործունեություն:
Այսպես՝ Աշոտ Սիմոնյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի մարզպետ, Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ, Վահե Ղալումյանը՝ Տավուշի մարզպետ, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի մարզպետ, Իշխան Սաղաթելյանին հանձնվեց Գեղարքունիքի մարզպետի պորտֆելը, Արագած Սաղաթելյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ, Հրանտ Մարգարյանին էլ վստահվեց Լոռու մարզպետի պաշտոնը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ