Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խորհրդարանում դարձյալ ծառայողական մեքենաների հարցն է. ինչպե՞ս կվարվեն նոր կառավարիչները

Հունիս 01,2018 10:59

«Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ ես ԱԺ եմ գալիս ծառայողական մեքենայով: Կարող եմ նաեւ չգալ ծառայողական մեքենայով: Պետք է քննարկել եւ գտնել այն մոտեցումը, որը բոլորի համար վստահություն կառաջացնի»,- այսօր խորհրդարանում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրել էր ծառայողական մեքենաների կրճատման եւ դրանց օգտագործման արդյունավետության մասին`նկատելով, որ բյուջեի կամ բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ անընդհատ հարցեր են հնչում դրա վերաբերյալ:

«Պատգամավորները, որ տարիներով հնչեցրել են այդ հարցերը, ի՞նչ ճշգրտումներ են եղել: Նոր կառավարությունն ի՞նչ մոտեցում է որդեգրել`զուտ հնչեցրե՞լ են այդ մասին, թե՞ իրավական գործընթաց կա»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Ատոմ Ջանջուղազյանը թվերով խոսեց`2017-ին 915 ծառայողական մեքենա է եղել, 2018-ին`902 մեքենայի համար է բյուջետային միջոցներ սահմանվել, 2016-ին 956 մեքենա է եղել: «Ֆինանսական տեսակետից դժվար է սահմանափակել արդյունավետությունը»,- ասաց նախարարը` հավելելով, որ ծառայողական մեքենաների անհրաժեշտություն չլինելուն ինքը մի քիչ վերապահումով է մոտենում, աշխարհում էլ նման փորձ չկա: Օրինակ բերեց քննչական կոմիտեի աշխատակիցների սպասարկումը`«ծառայողական կարիքների» համար եւ այլն: Խնդիրը վստահության հարցն է: Ծախսերն էլ`ամենանշանակալին չեն: Թե հարցի լուծման ի՞նչ ճանապարհով կգնանք`չգիտի, բայց կարծում է, որ այդ ճանապարհը կլինի հասարակության հետ հաղորդակցված եւ վստահություն ներշնչող:

«Ինքներդ որոշեք ոնց եք գալու, դա ձեր իրավունքն է: Ոչ ոք չի ուզում նսեմացնել ձեր ԱԺ գալու իրավունքը: Մենք փոխնախարար ունեինք, որ հեծանիվով էր գնում աշխատանքի: Մարդն ինքն է որոշում`ելնելով իր անհրաժեշտություններից»,- արձագանքեց Միքայել Մելքումյանը` հավելելով, որ խոսքը նրա մասին չէ, որ ծառայողական մեքենաներն, իբրեւ ներկայացուցչական դաս պետք է վերանան: «Խոսքը նրա մասին է, որ էս ամբողջ երկրում երեք տարվա ընթացքում 20-30 մեքենա՞ է կրճատվել, ու կարծես խոսքը շարքից դուրս եկած մեքենաների մասին է: Խոսքը հիմնավորվածության սահմանների մասին է»,- ասաց պատգամավորը:

Ջանջուղազյանը հստակեցրեց`այդ մեքենաները շարքից դուրս եկած չեն, պարզապես կրճատվել են:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930