Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թող մի հատ օրենք ընդունեն, որ ՀՀԿ-ն իրավունք չունի մասնակցելու քաղաքական կյանքին»

Հունիս 01,2018 15:30

Էդուարդ Շարմազանովը հորդորում է ՀՀԿ-ի դարդով չտառապել, վստահեցնում է, որ ՀՀԿ-ն մտնելու է խորհրդարան, ու խնդրում է ԱԺ-ի կազմի փոխարեն մի հատ կառավարության կազմին նայեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանին զբաղվել նոր Ընտրական օրենսգրքի մշակմամբ, եւ, ինչպես հայտնի է, փոփոխությունների հիմնական առանցքը, այսպես ասած, ռեյտինգային ընտրակարգի վերացումն է:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ունիվերսալ ու բոլորի համար ընդունելի Ընտրական օրենսգիրք կլինի՞ դա, թե՞ չէ: Չեմ կարծում: Գործող Ընտրական օրենսգիրքը բավականին լավն է, ընդունվել է կոնսենսուսի պայմաններում եւ ստացել է Վենետիկի հանձնաժողովի եւ միջազգային փորձաքննության բացարձակապես դրական գնահատական: Մենք ապացուցեցինք, որ այս Ընտրական օրենսգրքով կարելի է կազմակերպել լավագույն ընտրությունները: Ում հիշողությունը պրոբլեմներ է տալիս, հիմա վերականգնման գործընթաց անեմ՝ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները, բոլոր թերություններով հանդերձ, եղել են ընդունելի թե՛ 4 քաղաքական ուժերի, թե՛ ԱՄՆ դեսպանատան, թե՛ ԵՄ դեսպանի հայտարարության, թե՛ Վենետիկի հանձնաժողովի, ԵԽԽՎ մոնիտորինգի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համար, սա ֆիքսենք:

Երկրորդ՝ որեւէ տեղ գրվա՞ծ է եղել, որ արդյունքների վրա բացասաբար է ազդել ռեյտինգայինը՝ ոչ: Իմ խորին համոզմամբ՝ ռեյտինգայինը, տարածքային ցուցակով ընտրությունը ավելի ժողովրդավարական է, քան փակ համամասնականը: Երկու պատճառ կա՝ տարածքների հետ կապը, ուղիղ պատասխանատվությունը պատգամավորների, եւ ոչ թե կուսակցական էլիտան է որոշում ցուցակը եւ հրապարակում, այլ տարածքային ցուցակի առկայությունը հնարավորություն է տալիս հասարակությանը ինքը 13 հոգուց ընտրի իր ցանկացած թեկնածուին: ՀՀԿ-ից 13 հոգի դնում են, չի ուզում Շարմազանովին, ընտրում է Պետրոսյան Գեղամին, ընտրում է Պողոսյան Պողոսին: Նույնը «Ելք»-ում: Սա նաեւ կուսակցական տարածքային կառույցների կապն է ուժեղացնում հանրության հետ: Սա իմ կարծիքն է, հիմա Իոաննիսյանն էս ասեց, Պողոսն էս ասեց՝ լավ արին, իսկ ՀՀԿ-ն ու Էդուարդ Շարմազանովն իրավունք չունե՞ն իրենց կարծիքն ունենալու, ունենք, չէ՞: Որեւէ մեկը ինձ չի կարող համոզել, որ ռեյտինգայինն ավելի վատն է»:

Մեր դիտարկմանը, որ ԲՀԿ-ն ու այն ուժերը, որոնք կողմ էին քվեարկել գործող օրենսգրքին ու ռեյտինգային ընտրակարգին, հիմա դեմ են, ասում են՝ տեսանք հայաստանյան իրականության մեջ ինչ արդյունք տվեց դա, ապաքաղաքականացրեց ընտրությունը, թաղային հեղինակությունները մտան պայքարի մեջ՝ իրենց հայտնի մեթոդներով, Շարմազանովն արձագանքեց՝ «Յա՜, էդ հայտնի մեթոդներո՞վ են իրենք 31 տոկոս ձայն ստացել, ո՞նց է բա ստացել այդքան ձայն «Ծառուկյան» դաշինքը: Ուրեմն ասեմ՝ «Ծառուկյան» դաշինքն էլ, բոլորն էլ ընդունել են ընտրության արդյունքները, օրենսգիրքը պրոբլեմ չի հանդիսացել ընտրությունների որակի վրա: Տարածքային ցուցակներն ավելի ժողովրդավարական են: Իմ կարծիքին կարող են եւ չհամաձայնել, քաղաքական բազմակարծությունը դրա համար է, որ ամեն խմբակցություն ունենա իր կարծիքը: Եթե մարդկանց ցանկությունն է, որ ՀՀԿ-ն ընտրություններին չմասնակցի, ես իրենց լավ առաջարկ կանեմ, թող մի հատ օրենք ընդունեն, որ ՀՀԿ-ն իրավունք չունի մասնակցելու քաղաքական կյանքին: Մնում էր դա անեին ու վերջացնեին»:

Մեր դիտարկմանը՝ այսինքն՝ Դուք էլ եք համոզված, որ եթե այդ ռեյտինգային ընտրակարգը հանեն, ՀՀԿ-ն չի գալու խորհրդարան, Շարմազանովն արձագանքեց. «Ո՞վ ասեց, նախ՝ բոլորին խնդրում եմ, թող ՀՀԿ-ի դարդով չտառապեն, թող ամեն մեկը գնա իրա դարդով ապրի: ՀՀԿ-ն մեր երկրի ամենակայացած քաղաքական միավորներից մեկն է, ՀՀԿ-ն ունի հստակ գաղափարախոսություն, գործունեություն, լավ, վատ՝ ժամանակը ցույց կտա: Ես հպարտ եմ, որ ՀՀԿ-ական եմ, որ Վազգենի, Աշոտի, Անդրանիկի եւ Սերժ Սարգսյանի գործի շարունակողն եմ: Հիմա ով որ այլ քաղաքական ճաշակ ունի՝ թող գնա այլ կուսակցություն: Ես հատուկ ձեր ընթերցողների համար ասեմ՝ աշխարհում չկա այդպիսի ուժ, տիեզերքում չկա տենց ուժ, որը կարա թույլ չտա ինձ իմ կարծիքն արտահայտել կամ իմ համոզմունքները փոխել»:

Մենք հարցրինք՝ Դուք համոզվա՞ծ եք, որ ՀՀԿ-ն այս իրավիճակում ձայն կհավաքի ու նորից կմտնի խորհրդարան, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Այո, համոզված եմ, շատ լավ էլ համոզված եմ»: Հարցին՝ կարո՞ղ է 50+1 էլ հավաքի, նա պատասխանեց. «Չեմ ուզում ընդօրինակել այլ քաղաքական ուժերի պրոգնոզներին, բայց հանգիստ եղեք ՀՀԿ-ի համար»:

Ավելի ուշ Շարմազանովն սկսեց վիճել, թե «հիմա ընդդիմություն ենք, մեր խոսքերը մի աղավաղեք, մենք էլ ենք ասել, որ ընտրություններին թերություններ եղել են, բայց նույնիսկ ԱՄՆ-ում են դժգոհություններ լինում»: Հարցրինք՝ եթե համոզված եք, որ ՀՀԿ-ին ձայն կտան, ոչ թե առանձին գործիչների, ինչո՞ւ չեք հանում տարածքային ցուցակները, Շարմազանովը պատասխանեց. «Ես, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, մենակ իմ կուսակցության շահով չեմ առաջնորդվում, եղա՞վ: Ժողովրդավար մեթոդ է, իսկ ո՞վ է ասում, որ մեծամասնականը վատն է»: Արձագանքին, որ տեսանք՝ այդ ընտրակարգով ովքեր մտան ԱԺ, ԱԺ-ի կազմը մի հատ նայեք, պարո՛ն Շարմազանով, նա պատասխանեց. «Ի՞նչ է ԱԺ-ի կազմը որ, իսկ կառավարության կազմը մի հատ նայեք, ովքե՞ր եկան»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

31.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930