Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական դատարանում «իրավաչափ» են գնահատվում քաղաքապետի շինթույլտվությունները

Հունիս 01,2018 14:30

Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանի նախագահությամբ որոշվեց որպես երրորդ կողմ ներգրավել Երեւանի քաղաքապետարանին

Հիվանդանոց կառուցելու նպատակով Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 2-րդ նրբանցքի 23 հասցեում գտնվող «Ակուստիկայի հանրապետական գիտական կենտրոնում» սկսվել են շինարարական լայնածավալ աշխատանքներ: Շենքի նոր տնօրեն Տարոն Տոնոյանի ներկայացուցիչը՝ Արմեն Օհանյանը, հայտնեց, որ եռահարկ շենքը քանդվել է, մի հարկ ավելացվել, 70 միլիոն դրամի ներդրում է արվելու, որպեսզի գործարկվի այն. «Բունկերը չկա»:

Իսկ կենտրոնի հիմնադիր, կենսաբանական գիտությունների թեկնածու Աշոտ Առաքելյանի հայցի կապակցությամբ փորձեց ճշտել, թե որն է հայցապահանջը, հայցի առարկան, իրավաչափության ակնկալիքը:

Հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Բալյանի պահանջը հնարավոր է փոխվի: Գործը դատարան ներկայացնելիս հայցվորի ներկայացուցիչն ու հայցվորը պահանջել էին, որպեսզի վիճելի հասցեում գտնվող 1253.5 քմ մակերեսով շենքը եւ 0.07966 հա հողամասն օտարելու մասին ՀՀ կառավարության 14.09.2017թ. թիվ 1126-Ա որոշումն անվավեր ճանաչվի:

Նախորդ օրվա դատական նիստի ժամանակ պատասխանող կողմը դատարան ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվությունը:
Պարզվեց՝ առկա է այս տարվա ապրիլի 22-ի թվագրությամբ քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության պետի գրությունը՝ վերակառուցման համար: Եվ սա այն ժամանակ, երբ գործն ավելի վաղ է դատարանում, եւ փաստաբանը դեռեւս հունվարի 24-ին միջնորդել էր հայցի ապահովում կիրառելու մասին՝ դադարեցնել շինարարությունը մինչ դատարանի որոշումը:

Հիշեցնեմ, որ նախորդ նախնական դատական նիստին դատարանին տրամադրվեց ՀՀ կառավարության կողմից նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով պետգույքից Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 2-րդ նրբանցքի 23 հասցեում գտնվող «Ակուստիկայի հանրապետական գիտական կենտրոնի» տարածքն օտարելու մասին վարույթի բոլոր նյութերը, եւ գիտական կենտրոնի շենքի նոր տնօրեն Տարոն Տոնոյանի իրավունքի գրանցման վկայականի պատճենը:

Այս գործով ՀՀ կառավարությունն անցյալ տարվա սեպտեմբերի 14-ին որոշում է կայացրել պետական գույքն օտարելու մասին: Պետգույքի կառավարման վարչության ներկայացուցիչն է Արկադի Պետրոսյանը:

Ակուստիկայի գիտական կենտրոնի նախկին ղեկավարը դիմել էր իրավապահներին հանցագործության մասին հաղորդմամբ, ինչի մասին ակնարկեց նաեւ Տարոն Տոնոյանի ներկայացուցիչը: Ըստ նրա, Երեւանի քաղաքապետի որոշումը իրավաչափ է, ու երբ իրենք սկսել են շինարարություն, հարցում են արել, պատասխանել են, թե այնտեղ ՊՈԱԿ ըստ էության գոյություն չունի:

Աշոտ Առաքելյանն ասաց, թե իրենք որպես մասնաճյուղ պատկանել են առողջապահության նախարարությանը՝ հիվանդությունների վերացման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնաճյուղ:

Ըստ անվանի գիտնականի, տեղի են ունեցել չարաշահումներ: Մասնավորապես, Շենգավիթի համայնքում 3 հարկանի շենքը չէր կարող արժենար 16 842 475 ՀՀ դրամ: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Ա. Սահակյանը ՀՀ կառավարության աշխատակազմին եւ ՀՀ առողջապահության նախարարին գրությամբ տեղեկացրել է, որ իբր Երեւանի Բագրատունյաց փողոցի 2-րդ նրբանցքի 23 հասցեում պարբերաբար իրականացրել են տեղազննություններ, որի արդյունքում պարզել են, որ իբր շենքը փաստացի զբաղեցված չէ, գտնվում է կիսավեր վիճակում: Ըստ Ա. Առաքելյանի, անցյալ տարվա օգոստոսին ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ ակուստիկայի գիտական կենտրոնի աշխատակիցների եւ գույքի այլ վայր տեղափոխման համար կպահանջվի երկու ամիս:

Ի դեպ, ոստիկանապետին գրված հաղորդման մեջ Ա. Առաքելյանը նշել էր. «Ֆլորենս աճուրդի տուն» ՍՊԸ տնօրեն Ա. Չիլինգարյանի կողմից 16.02.2017թ. նույնպես կատարվել է կեղծ գույքի շուկայական արժեքի գնահատում: Ա. Չիլինգարյանը երբեք չի այցելել ակուստիկայի գիտական կենտրոն, մեզ չի ներգրավել գույքի գնահատմանը, չի իրականացվել գույքի գնահատում»: Քրեական գործի հարուցումը մերժվել է, եւ այն բողոքարկման փուլում է:

Ինչ վերաբերում է «բունկերին», Ա. Առաքելյանն «Առավոտին» ասաց, թե դա բունկեր չի, դա իր հեղինակած ինժեներական սարքերից մեկն էր:
Փաստաբանը նախնական նիստի ժամանակ հանդես պետք է գար հայցադիմումի լրացմամբ: Սակայն դատարանում ստացված շինարարության թույլտվությունը, եւ մի քանի փաստաթղթերի ծանոթ չէին կողմերը, ուստի որոշվեց ժամանակ տրամադրել դրանց ծանոթանալու եւ հայցադիմումի լրացման համար:

Նախնական դատական նիստը նշանակվեց հունիսի 22-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

31.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930