Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծռերը» մարդկանց կյանքից զրկելու որեւէ դիտավորություն չեն ունեցել, այլ ապստամբել են իշխանությունների դեմ

Հունիս 01,2018 14:00

Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ նրա համախոհները՝ Գառնիկ Իսագուլյանը, Խոսրով Հարությունյանը եւ այլք, տարբեր առիթներով հանրությանը ապակողմնորոշում էին, ասելով, թե «Սասնա ծռերի» արարքը ահաբեկչություն է: Դա միտումնավոր էր, քանզի ահաբեկչությունն իր մոտիվացիայով կամ շարժառիթների ամբողջականությամբ քաղաքական, ազգային, կրոնական ու շահադիտական հենքեր ունի: Բացի դրան, այդ հանցագործության դեպքում շարժառիթը ահաբեկչության պարտադիր հատկանիշ չի դիտվում եւ չի ազդում արարքի որակմանը:

Ընդհակառակը՝ շենքեր-շինություններ զավթելը հանցագործության պարագայում շարժառիթը այդ հանցակազմի պարտադիր հատկանիշ է դիտվում եւ ազդում է արարքի որակմանը:

Մի խոսքով, նրանք ուզում էին տպավորություն ստեղծել, որ ոստիկանության գունդը գրավելու շարժառիթը ոչ թե քաղաքական է, այլ վրիժառությունն է:

«Առավոտ» օրաթերթում ժամանակին մենք դիտարկել ենք «ծռերի» գործողությունները («Որքան կտեւի խմբի պաշարումը եւ մարդաորսությունը», «Քաղաքական տեռոր», «Խրախուսական նորմերը տարածվում են «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա, թե ոչ» հոդվածներում, տես՝ 30.07.2016 եւ 10.02.2017 համարները) եւ բնորոշել, որ այդ արարքի շարժառիթը քաղաքական հենք ունի եւ կատարվել է բռնապետական իշխանության կամայականությունների եւ գործած ապօրինությունների պատճառով: Հետաքննությունը եւ դատարանը դեռեւս շարժառիթը չեն քննարկել եւ բաց է, թե խումբը ինչո՞ւ է կատարել այդ ծանր հանցագործությունը:

Կարծում եմ, շարժառիթը քննարկելու անհրաժեշտությունն այժմ վերացել է, քանզի տեղի է ունեցել իշխանափոխություն եւ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, այսինքն, խմբի կողմից իշխանությանը ներկայացված պահանջները կատարվել են:
Հարց է ծագում. երբ բռնություն է գործադրվել, հնարավո՞ր է «ծռերին» ազատել քրեական պատասխանատվությունից, թե ոչ: Պետք է նկատել, որ «ծռերը» մարդկանց կյանքից զրկելու որեւէ դիտավորություն չեն ունեցել, այլ ապստամբել են իշխանությունների դեմ եւ որպես բողոքի արտահայտություն՝ գրավել են ոստիկանության գունդը, որի ընթացքում առաջացել են ծանր հետեւանքները:

Կարծում եմ՝ հանրությունը կողմ է «ծռերի» խնդրի արդարացի լուծմանը, հետեւաբար մոտեցումը պետք է լինի գրագետ, հաշվի առնելով քաղաքական իրադրությունը եւ տուժողների շահերը (փոխհատուցումը), ըստ այդմ՝

1. Շենքեր, շինություններ զավթելը, պատանդ վերցնելը եւ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը հանցագործության հոդվածները ունեն խրախուսական մասեր, այսինքն՝ եթե անձը հրաժարվել է իր պահանջներից եւ զավթածը հանձնել, պատանդին ազատել, զենքն ու զինամթերքը կամովին հանձնել, ապա ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: Սպանություններին մասնակցություն չունեցող սուբյեկտների նկատմամբ դատարանը կարող է կիրառել խրախուսական նորմերը եւ ազատել քրեական պատասխանատվությունից:

2. Քանի որ հանրապետությունում փոխվել է քաղաքական իրադրությունը, ներքաղաքական ճգնաժամը հարթելու համար ցանկալի է համաներում հայտարարել: Քաղաքակիրթ երկրներում այդ պրակտիկան ընդունելի է, օրինակ, Մայդանի դեպքերով, երբ տասնյակ մարդիկ էին սպանվել, համաներում հայտարարվեց:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

իրավաբան, Մոսկվա

«Առավոտ»

31.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել