Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ արվեստագետները հրավիրում են փոքրիկներին

Հունիս 01,2018 13:30

«Առավոտը» հյուրընկալել էր երիտասարդ արվեստագետներ՝ ռեժիսոր Արփի Մաղաքյանին եւ դիրիժորներ Ներսես Մկրտչյանին ու Դավիթ Մարուխյանին: Նրանց է վստահված Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում իրականացնելու «Հեքիաթային ճամփորդություն» խորագրով բեմականացված համերգը՝ մասնակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի:

Թեեւ նվագախումբն առաջին անգամ չէ, որ երիտասարդներին դրսեւորվելու հնարավորություն է տալիս, այդուհանդերձ, կարելի է կարծել, որ նվագախմբի տնօրինությունը, հատկապես գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նույնպես «դուխով» լծվել է երկրի մշակութային կյանքի երիտասարդացմանը:
Տեղին է հիշեցնել, որ մաեստրո Թոփչյանին այս պաշտոնը վստահվել է 29 տարեկանում: Անդրադառնալով կայանալիք «Հեքիաթային ճամփորդությանը», հարկ կա համառոտ ներկայացնել նախագիծն իրականացնող երիտասարդ արվեստագետներին: Նրանցից «ամենահնաբնակը» ռեժիսոր Արփի Մաղաքյանն է, որի բեմադրությամբ հանրահայտ «Կարմիր գլխարկ» հեքիաթն արդեն 13 տարի տիկնիկային թատրոնի խաղացանկում է: Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, թե աշխատել է տարբեր TV-ներում, ֆիլհարմոնիկի հետ անցկացրել ֆլեշմոբեր, հատկապես նշեց, որ ինքը ոչ միայն բեմադրում է, այլեւ կազմակերպում ու մշակում մարքեթինգային պլան: Ռեժիսորը հավելեց նաեւ, թե Համահայկական նվագախմբի մասի պատմող իր փաստավավերագրական ֆիլմը կներկայացնի առաջիկայում:

Հետաքրքրությանը, թե ասում են՝ նույնիսկ գրքերի հեղինակ է, մեր զրուցակիցն ընդամենն ասաց. «Ասվածի մեջ ճշմարտություն կա. առաջին գիրքս «Երեւանյան հեքիաթներ» խորագրով՝ նվիրված Երեւանի 2800-ամյակին, կհրատարակվի աշնանը, ճանաչված նկարիչ Արարատ Մինասյանի հրաշալի նկարազարդումներով»:

Դիրիժոր Դավիթ Մարուխյանին մեկ-երկու անգամ հանդիպել ենք. նա, եթե չենք սխալվում, 5-6 տարի առաջ ֆիլհարմոնիկի հետ ղեկավարեց Սեն- Սանսի «Կենդանիների դիմակահանդեսը»: Հարցին՝ որտե՞ղ է «վատնում» իր դիրիժորական տաղանդը, արվեստագետը ժպտալով ասաց՝ ԱՊՀ երկրներում, հետո էլ հավելեց. «2017-ից Դոնեցկի ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավիրյալ դիրիժոր եմ»:

Դիրիժոր Ներսես Մկրտչյանին, որը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից հետո ուսանել է նաեւ Փարիզի Ալֆրեդ Կորտոյի երաժշտական ակադեմիայում, Երեւանում հանդիպել ենք մի քանի անգամ: Նա հիշեցրեց, որ 2009-15թթ. ղեկավարել է Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը:
Ինչ վերաբերում է հունիսի 1-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք «Հեքիաթային ճամփորդությանը», ռեժիսորից խնդրեցինք սեղմ ներկայացնել այն: Արփի Մաղաքյանը նշեց, որ կազմակերպիչներն են ֆիլհարմոնիկ նվագախումբն ու «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպությունը, որն արդեն 30 տարի աշխատանքներ է տանում հանուն երեխաների պաշտպանության ու բարեկեցության: «Հեքիաթային հերոսներ, ուրախ հաղորդավար, դասական բարձրարվեստ երաժշտություն, որը հատուկ ընտրված է երեխաների համար, ընդ որում, համերգի ժամանակ հաղորդավարն ու հերոսները զվարճալի խաղերի միջոցով կծանոթացնեն երեխաներին իրենց իրավունքների հետ: Բեմում տեղադրված էկրանը հնարավորություն կտա փոքրիկ հանդիսատեսին Հարրի Փոթերի, Աստղային պատերազմների, Կարիբյան ծովահենների ֆիլմերի երաժշտական հատվածների ժամանակ պարզապես սուզվել դրանց տրամադրության մեջ: Նույն էկրանը կդառնա նաեւ դերասանների խաղի շարունակությունը՝ վերածելով օրը իսկական կախարդական հեքիաթի: Ընտրված են նաեւ հատվածներ Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետից, Շտրաուսի վալսերից, Բրամսի Հունգարական պարերից եւ այլ, համոզված ենք՝ հայտնի ու սիրված երկերից»,- տեղեկացրեց ռեժիսորը: Հավելեց նաեւ, որ «Արամ Խաչատրյան» դահլիճի ճեմասրահում կներկայացվեն Հովհաննես Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաների նկարչական աշխատանքները:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Արփի Մաղաքյանը, Ներսես Մկրտչյանն (ձախից)
ու Դավիթ Մարուխյանը:

«Առավոտ»

31.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել