Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի դրվագ` համեղ Երեւանից

Հունիս 01,2018 13:00

Instagram-ի օգտատերերից շատերը հետեւում են Tasty-Yerevan (Համեղ Երեւան), այժմ` yerevanfoodblog-ի թարմացումներին, որի հիմնադիրն է Անի Բեքարյանը: Նա պատասխանել է «Առավոտի» հարցերին:

– Ինչպե՞ս հղացաք նման բլոգ ստեղծելու գաղափարը:

– Ինքս միշտ ինստագրամի իմ անձնական էջով կիսվում էի տարբեր համեղ եւ հետաքրքիր ուտեստներով, շատ էին հարցնում՝ որը որտեղ է, ինչ արժե եւ այլն, մի օր որոշեցի, որ կարող եմ ոչ միայն ընկերներիս, այլեւ մարդկանց ավելի լայն շրջանակի հետ կիսվել իմ հրապարակումներով, օգտակար խորհուրդներ տալ եւ տեղեկացնել քաղաքի նորություններին:

Երկար ուսումնասիրելուց հետո տեսա, որ համարյա բոլոր քաղաքներն ունեն իրենց ֆուդ բլոգերը, իսկ մեծ քաղաքներում անգամ մրցակցություն կա այդ ոլորտում, եւ մարդիկ իրոք հետեւում են, հետաքրքրվում, մասնակցում:

– Ի՞նչ արձագանքներ եք ստացել, ամենատպավորիչ գնահատականը:

– Մեծամասամբ դրական եւ խրախուսող արձագանքներ են եղել, ամենատպավորիչը լինում է, երբ ինձ հետեւորդներս «պատվիրում են» գնալ այս կամ այն նորաբաց ռեստորանը, ստուգել գներն ու իրենց տեղյակ պահել, արդյոք արժե՞ այնտեղ սնվել, կամ փոխարենը ուր գնան շաբաթ-կիրակի:

Լինում են նաեւ շատ կուրիոզ դեպքեր: Օրինակ, ինձ ամենահաճախ տրվող հարցն է՝ «Որտե՞ղ է գտնվում ձեր ֆուդ բլոգը»: Եվ հարցնում են ամենայն լրջությամբ: Ես էլ իրոք չգիտեմ, թե ինչ պատասխանեմ:

– Հնարավո՞ր է ոչ մեծ գումարով համեղ լանչ, ճաշ, ընթրիք կամ դեսերտ ունենալ Երեւանում:

– Ոչ միայն հնարավոր է, այլեւ Երեւանը հենց այն քիչ քաղաքներից է, որտեղ կարող ես քեզ նման ճոխություն թույլ տալ: Այստեղ ընդամենը 1000-2000 դրամով կարող ես այնպիսի համեղ եւ հագեցնող լանչ անել, որ անգամ երեկոյան էլ ուտելու ցանկություն չառաջանա:
Երեւանում կան, իհարկե, բոլորի գրպաններին եւ նախասիրություններին հարմար վայրեր, բայց ընդհանուր առմամբ այստեղ սնունդը թանկ չէ, գին-որակ հարաբերությունը հիմնականում պահպանվում է:

Իսկ զբոսաշրջիկների համար ընդհանրապես արքայություն է: Չեն պատկերացնում՝ ինչպես կարելի է օրն ընդամենը 10-15 դոլարի սահմաններում կուշտ ուտել, եւ ընդ որում, ունենալ մեծ ու բազմապիսի ընտրություն:


– Բոլոր տեղեկությունները ինքնե՞րդ եք հավաքել (լուսանկարները եւ այլն), թե՞ թիմ է աշխատում, կամ օգնում են ընկերները:

-Հիմնականում ինքս եմ հավաքում: Մինչ բլոգի բացվելը, արդեն իսկ ունեի նկարների հսկա պաշար, որտեղ անգիր հիշում էի, որ ուտեստը որ սրճարանում եմ փորձել եւ ինչ է արժեցել: Բայց հաճախ օգնում են նաեւ ընկերներս, տարբեր նկարներ են ուղարկում, որ հրապարակեմ: Հետեւորդներիցս եւս կան մարդիկ, որ ինքնակամ ուղարկում են տարբեր ուտեստների նկարներ, որ տեղադրեմ: Մի աղջիկ նույնիսկ խնդրել էր, որ աշխատանքի վերցնեմ իրեն՝ որպես օգնական: Այսինքն՝ թիմ դեռեւս չկա, բայց ցանկացողներ արդեն կան:

– Ամենաինքնատիպ ուտեստները, որ համտեսել եք, որոնք կարող են «այցեքարտային» լինել Երեւանի (Հայաստանի) համար, դուր գալ զբոսաշրջիկներին, որտե՞ղ կարելի է գտնել:

– Զբոսաշրջիկներին, բնականաբար, դուր են գալիս ավելի ազգային, ավանդական, զուտ հայկական ուտեստները, բայց մեզ՝ երեւանցիներիս համար, կարծում եմ՝ դրանք «ինքնատիպ» կոչել չի լինի, հատկապես որ մեծ մասը տներում պատրաստում եւ ուտում է նույն խաշը, տոլման, խորովածը եւ այլն:

Իսկ ինչ վերաբերում է ռեստորաններին, արդեն հիմա ունենք իրոք շատ ինքնատիպ տեղեր: Օրինակ, «Ֆյուժնի» մասին մի 5 տարի առաջ դեռ ոչ ոք չէր լսել, իսկ այժմ Երեւանում կան մոտ տասնյակ ֆյուժն ոճի խոհանոցներ (ասիական միքս խոհանոց, երբ խառնում են տարբեր համերը՝ քաղցր-թթու, աղի-կծու եւ այլն):

Ծովամթերքը եւս վերջերս է «մոդա» ընկել Երեւանում: Առաջ շատ դժվար էր թարմ կամ մատչելի ծովամթերք ճարել քաղաքում, իսկ այժմ ամեն երկրորդ նորաբաց սրճարանն արդեն առանձին տեղ ունի մենյուում՝ հատկացված զուտ ծովամթերքին, ընդ որում՝ հասարակ ձկնեղենից սկսած, վերջացրած միդիաներով եւ ութոտնուկներով:

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ»

31.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930