Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հայը հայի համար չի ցավում, ռուսի պետքն էլ չէ»

Հունիս 01,2018 12:30

Արեգնադեմ գյուղի միջնակարգ դպրոցը 1988-ի երկրաշարժից հետո ժամանակավորապես տեղակայվել է 3 սեփական տներում:

«Ձմռանը դասարանները ցուրտ են, անձրեւի ժամանակ տանիքից կաթում է, իսկ գարնանը ֆիզկուլտուրայի համար նախատեսված վայր չունենք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Մարիետա Սիմոնյանը։

Դպրոցը 1988-ի երկրաշարժից հետո ժամանակավորապես տեղակայվել էր 3 սեփական տներում։ Աղետից անցել է 29 տարի, սակայն գյուղի դպրոցը շարունակում է նույն տեղում մնալ։ Կառույցները գյուղապետարանի ու ծնողների ջանքերով մեկ-երկու անգամ ենթարկվել են կոսմետիկ վերանորոգումների։

Նախկին գյուղապետ Աղունիկ Հազրյանը դպրոցի համար նախատեսված շենք կառուցելու համար ջանք ու եռանդ չի խնայել: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Բազմաթիվ նամակներով դիմել ենք կառավարությանը, բարերարներին, հասարակական տարբեր կազմակերպությունների։ Բացասական պատասխան երբեք չենք ստացել։ Նախկինում պատճառաբանում էին ճգնաժամային իրավիճակը։ Հետո ասացին, որ աշխատանքներն սկսելու են 3-րդ, 4-րդ եռամսյակում։ Սակայն էդ ժամանակահատվածում եղանակային պայմաններն այստեղ նպաստավոր չեն վերոնշյալ աշխատանքների իրականացման համար»։

Այնուհետեւ տիկին Հազրյանը 2010 թվականին դիմել է «Հարավկովկասյան» ՓԲԸ-ին, որի ղեկավարները ռուսներ են եղել։ Նրանք համաձայնել են աջակցել՝ ասելով, որ հայկական կողմն ուղղակի պետք է մի քիչ օգնություն ցուցաբերի։ Այդ պատրվակով գյուղապետը դիմել է «Օրինաց Երկիր» կուսակցությանը, վերջինս էլ համաձայնել է: Մեզ հետ զրույցում տիկին Հազրյանը պատմեց. «Արդեն սկսվել էին համապատասխան աշխատանքները, տարածքը վերցվել էր, հիմքը կառուցվել։ Էն էլ մեր կողմը, ցավոք սրտի, խաբեց. եթե հայը հայի համար չի ցավում, ռուսի պետքն էլ չէ»:

Դպրոցի տնօրեն Հասմիկ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նոր շենք կառուցելու ծրագիրը 3 անգամ ձախողվել է, այնուհետեւ մեծ ոգեւորությամբ ավելացրեց. «Այս անգամ շենքը հաստատ կառուցվելու է։ Դպրոցաշինության ծրագրի մեջ ենք։ Նախագիծն արդեն պատրաստ է։ Եկել, տեղը չափագրել են՝ 3000 քմ։ 65 աշակերտի համար դպրոցական նոր շենք է կառուցվելու։ Գյուղում գազ չկա, բայց Ամասիան գազիֆիկացված է ու գլխավոր մագիստրալն անցնում է հենց Արեգնադեմի մոտով, չափել են հեռավորությունը գազի մագիստրալից. տեղը նշված է։ Գազին, լույսին, ջրին, կոյուղուն վերաբերող հարցերն արդեն լուծել են»։

Շիրակի մարզի Ամասիայի համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն էլ հաստատեց տնօրենի խոսքերը՝ հավելելով. «Այս ծրագիրն իրականացվում է կառավարության հովանու ներքո։ Ըստ նախագծի նախահաշվային փաստաթղթերի՝ շենքը կառուցման փուլում է։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2019 թվականի կեսերին»։

ՍՈՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ,
2-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930