Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՒՇԵՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 01,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ քսաներորդ

ՄՈՒՇԵՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Եվ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «դու ես ստիպում, որ Մուշեղի ասածն ասեմ», եւ Ֆրունզիկը շիվարած նայեց Հրանտին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ոչ մի բան էլ չեմ ստիպել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «պայմանավորվեցինք, որ մենակ Աղասուց ենք բամբասելու», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին ասաց՝ «որ չես ուզում, չեմ պատմի», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ ուզում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու նորից Ֆրունզիկին ասաց՝ «որ չես ուզում, չեմ պատմի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մանավանդ որ՝ Մուշեղն էլ ա խնդրել, որ ոչ մեկին չպատմեմ», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «Մուշեղը քեզ խնդրել ա, որ ոչ մեկին չպատմես, բայց ինքն աջուձախ բոլորին պատմում ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆրունզիկին  հարցրեց՝ «ուրիշ ո՞ւմ ա պատմել», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որոշ մարդկանց», եւ չնայած էդ գիշեր Հրանտն էդ պատմությունը չպատմեց, եւ չնայած Ֆրունզիկը հեչ չէր ուզում, որ Հրանտն էդ պատմությունը պատմի, ներկաները շատ էին ուզում, որ էդ պատմությունը պատմվի, եւ ես, Հրանտից ու Ֆրունզիկից բացի, միակն էի, որ էդ պատմությանը տեղյակ էի, եւ ինձ էլ էր անձամբ Մուշեղ Գալշոյանն էդ պատմությունը պատմել, եւ երբ ներկաները Հրանտին խնդրեցին,  որ էդ պատմությունը պատմի, եւ երբ Հրանտը ներկաներին ասաց՝ «արդեն Ֆրունզին խոսք տվի, որ չեմ պատմելու», ես բոլորի համար անսպասելի խոսեցի ու ժպտալով հարցրի՝ «ուզո՞ւմ եք՝ ես պատմեմ», եւ բոլորն ու հատկապես Ֆրունզիկն ապշահար նայեցին ինձ, եւ Ֆրունզիկն ապշահար ինձ նայելով հարցրեց՝ «դո՞ւ էդ պատմությունը որտեղից գիտես», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «Մուշեղ Գալշոյանն ա պատմել», եւ Ֆրունզիկն ապշահար նայեց ինձ ու հարցրեց՝ «ե՞րբ ա պատմել», եւ ես ժպտալով ասացի՝ «օրը չեմ հիշում», եւ Ֆրունզիկը շիվարած նայեց ինձ ու հարցրեց՝ «որտե՞ղ ա պատմել»,   եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հրատարակչությունում», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու նեղսրտած ինձ հարցրեց՝ «հրատարակչությունում ի՞նչ ա պատմել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ինչ որ էղել ա», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու նեղսրտած ինձ հարցրեց՝ «բայց ի՞նչ ա էղել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով Ֆրունզիկին հարցրի՝ «պատմե՞մ», եւ Ֆրունզիկը բավական երկար մտածեց ու ինձ ասաց՝ «արխային կարաս պատմես» եւ մի քիչ էլ մտածեց ու կմկմալով ավելացրեց՝ «ես էդ պատմության մեջ առանձնապես ամաչելու բան չունեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ եմ էդ կարծիքին»,  եւ Ֆրունզը մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «դե սկսի. ո՞ւմ ես սպասում», եւ Հրանտը Ֆրունզիկին ասաց՝ «ինձ արգելում էիր, որ պատմեմ, բայց Արմենչոյին ինքդ ես ստիպում», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ոչ մեկին ոչ մի բան չեմ ստիպում», եւ իսկապես, Ֆրունզիկը ոչ միայն ինձ չէր ստիպում, այլեւ հընթացս ինձ աչքով անելով՝ հասկացրեց, որ չպատմեմ:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930