Այս օրերին կալանավայրերում թեժացել են խոսակցությունները սպասվելիք համաներման առնչությամբ, որի մասին քննարկումների առկայությունը չէր ժխտել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Սակայն մինչ այդ՝ անազատության մեջ գտնվողների հարազատները ահազանգում են, որ վաղաժամկետ պայմանական ազատման գործընթացը կանգնեցված է։
«Երկու ամիս է, որ մարդկանց չեն ներկայացնում, սա մարդու իրավունքների խախտում է։ Աղմուկ բարձրացրեց արդարադատության նախկին նախարարը՝ օրենք են փոխել, հեշտացրել են իբր գործընթացը, բայց իրականում պրոցեսը սառեցված է»,- նշեցին նրանք:
Դատապարտյալների հարցումներին ի պատասխան՝ քրեակատարողական հիմնարկների պատասխանատուները նշում են, որ իրենք էլ տեղյակ չեն հետաձգման պատճառից։
«Առավոտն» այս առնչությամբ պարզաբանման համար դիմեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ, արդարադատության մայոր Նոնա Նավիկյանին, որն ասաց. «Հայտնում եմ, որ օրենսդրական բարեփոխումների շրջանակներում փոփոխություններ և լրացումներ են կատարվել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ մի շարք իրավական ակտերում, որոնք 21.05.2018թ. ՀՀ ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվել են: Իրավական ակտերը կգործեն սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո:
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ