Այսօր Սիներջի բիզնես կենտրոնում կայացավ ՏՏ ոլորտի 2018 թ. շախմատի մրցաշարի բացման եւ վիճակահանության արարողությունը։
Բացմանը ներկա Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր,
ՀՇՖ առաջին փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն ասաց. «Ես շատ ուրախ եմ, որ այս տարի ավելի շատ թիմեր են մասնակցում, և այս առումով, տարեցտարի առաջընթաց ենք նկատում։ Սա իսկապես տոն է, մտքի պայքար, բայց լավ միջավայրում: Այդպիսի տոները միայն կյանքն ավելի հետաքրքիր են դարձնում, իսկ մեզ՝ միասնական: ՏՏ ոլորտը և շախմատը պետք է լինեն շատ սերտ համագործակցության մեջ, քանի որ շախմատն ամբողջությամբ քայլերի ծրագրավորման ընթացք է և բազմաթիվ են դեպքերը, երբ լավ շախմատիստը նաև շավ լավ ծրագրավորող է դարձել»։
Սմբատ Լպուտյանը նաեւ ցանկություն հայտնեց, որ ՏՏ ոլորտի շախմատային թիմերը նաեւ հանրապետության տարածքից դուրս մրցումների մասնակցեն եւ խոստացավ, որ ինքը կբանակցի ՖԻԴԵ-ի հետ, որպեսզի այս ոլորտի շախմատային թիմերի միջազգային մրցումներ կազմակերպվեն:
«Սիներջի» ընկերության գործադիր տնօրեն Արթուր Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «ՏՏ ոլորտի ներկայացուցիչների միջեւ շախմատային այս մրցաշարը արդեն ճանաչում է ձեռք բերել եւ ուրախ եմ, որ ՏՏ ընկերությունները ակտիվ են, ընդ որում՝ ոչ միայն շախմատում, այլ սպորտում ընդհանրապես: Դա պայմանավորված է նրանով, որ այս ոլորտում հիմնականում ուրախ, առաջադեմ եւ աշխույժ երիտասարդներ են աշխատում:
Լինելով անալիտիկ մտածողության խաղ՝ շախմատը շատ ընդհանրություններ ունի ոչ միայն մեր, այլեւ բոլոր բնագավառների հետ: Ամբողջ խաղի ընթացքում մարդու ուղեղը միշտ աշխատում է հաշվարկում ու ամեն քայլից հետո նոր ու ճիշտ լուծումներ պետք է գտնել: Եվ քանի որ ՏՏ ոլորտում մեծամասնությամբ համակարգչային ինժեներներ են, անալիտիկ մտածողությամբ մարդիկ, շախմատը նրանց հոգեհարազատ է»:
«Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունն այս մրցաշարը կազմակերպում է 2013 թվականից։ Այս տարի մասնակցում է 29 թիմ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ