Հունաստանի հանրապետության քաղաքացի հանդիսացող ամուսինների հանդեպ ոստիկանության Իջեւանի բաժնում սուտ մատնության հոդվածով քրեական գործ է հարուցվել: Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով:
Մեր տեղեկություններով՝ հույն ամուսինները Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղի բնակչին մեղադրել են իրենց փողերով գնված կովերը հափշտակելու մեջ, մինչդեռ վերջինս պարզապես նախիրը սարերում տեղափոխել է այլ վայր: Գործը վերաբերում է շուրջ 150 հազար ամերիկյան դոլարին համարժեք գումարով գնված կովերին: Հույն ամուսինների հանդեպ, որպես խափանման միջոց, ընտրվել է Հայաստանից չհեռանալու մասին ստորագրությունը:
Ներկայումս այդ քրեական գործի քննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ