Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե դահլիճում չինացի էլ լիներ, ինքն էլ կհուզվեր․ Գյումրու թատրոնում բոլորն արտասվում էին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 31,2018 22:00

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացման պրեմիերան։ Ու որքան էլ այն զերծ էր պատերազմական դրվագներից՝ կրակոցներից, սպանության տեսարաններից, այդուհանդերձ ստիպեց յուրաքանչյուրին վերապրել պատերազմի դաժան օրերը։

Ապրիլյան քառօրյային նահատակված հերոսներից յուրաքանչյուրի ծնողները բեմում տեսնում էին իրենց որդուն․ հանդիսատեսը, որոնց շարքերում էին նաև զինվորականներ, մշակութային հայտնի գործիչներ, չէին կարողանում թաքցնել արցունքները, մարդիկ կային, որոնք բարձրաձայն հեծկլտում էին։

Երկու գործողությամբ դրամայի սկիզբը բավական ուրախ էր․ Գյումրվա հարսանիքի նախապատրաստությունն էր՝ հումորով, Գյումրվա ավանդույթներով, հյուրընկալությամբ։ Ու հանկարծ ուրախության պահին հնչած հեռախոսազանգով հարսանիքավորները պատահաբար իմանում են պատերազմի գույժը։ Փեսան՝ Արմենը ու հարսանիքին մասնակցող մյուս երիտասարդները, որոնք մինչև այդ հայտարարում էին, թե ինչու իրենք գնան բանակ, թող օլիգարխների որդիները ծառայեն, կիսատ թողնելով ուրախությունը, «փախչում են» ռազմաճակատ ու այն պայմանով, որ պիտի հետ գան հարսանիքը շարունակելու։ Իհարկե, նրանցից ոչ բոլորն են կենդանի մնում, սակայն փեսան, վերադառնալով ռազմաճակատից, ստիպում է շարունակել հարսանիքը, ուրախությունը, քանի որ այդպես է ուզել իր զոհված ընկերը, իր կյանքն է տվել, որպեսզի իր ազգը ապրի, բազմանա, հարատևի։

Միաժամանակ արծարծվում էր նաև այն թեման, որ հայրենիքը թշնամու ոտնձգություններից փրկող նորօրյա սերունդը կփրկի նաև ապաշնորհ իշխանություններից, որոնց պատճառով շատերն արտագաղթել են։

Դրամատուրգ Անահիտ Աղասարյանը, որը պիեսը հատուկ գրել էր Գյումրու դրամատիկական թատրոնի համար, ասաց․ «Ինձ համար ներկայացման մեջ կարևորն այն է, ինձ հետաքրքիր է, երբ որ մենք ներկայացնում ենք մեր ցավը, իսկ այդ թեմայով կան նաև ֆիլմեր, եթե այդ ֆիլմը նայում է Ուրուգվայից կամ Գվատեմալայից մեկը, ինչպես է նա ընկալելու այդ ֆիլմը կամ ներկայացումը։ Եթե տվյալ արվեստի գործը հասկանալի է միայն այդ ազգին, որն այդ ցավն ապրել է, շատ լավ է, որովհետև անդրադարձվել է այդ իրադարձությանը, բայց դա դեռևս արվեստի գործ չէ։ Արվեստի գործն այն ներկայացումը կամ ֆիլմն է, որը դանիացին նայելիս կհուզվի։ Ես կարծում եմ, որ այս ներկայացումը, իմ տեսածից ելնելով եմ ասում՝ եթե դահլիճում չինացի լինի, ինքը հասկանալու է՝ ինչ է կատարվում բեմում»։

Երաժշտության հեղինակը՝ Հայկոնն էլ ասաց․ «Բազմաթիվ ֆիլմերի համար գրել եմ երաժշտություններ, բայց թատրոնի, այն էլ Գյումրու դրամատիկական թատրոնի համար աշխատելն ինձ համար գերագույն հաճույք է և մեծ պատիվ»։ Նա ասաց, որ ամեն փորձի ժամանակ տաս անգամ նույն հատվածը դիտելով՝ նույն հուզմունքը, նույն հոգեապրումներն են եղել իր մոտ եղել։

Ներկայացման ավարտից հետո մոտ կես ժամ հանդիսատեսը տեղից չէր շարժվում, ծափահարում էր ու այս անգամ ծափահարությունները հոսող արցունքների ներքո էին։

Ի դեպ, առաջիկա բոլոր ներկայացումների տոմսերը սպառված են, այսօր ևս դահլիճում նստելու տեղ չլինելու պատճառով շատերը կանգնած են դիտել ներկայացումը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Գյումրու դրամատիկական թատրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մկրտիչ says:

    Շահվերդյան Վահեն էլ թող սովորի տեղ տալ ջահելներին: Ափսոս, որ գյմուրեցիների դեկորացինաները հնաոճ էին, 70-ական թվականնրին մեր տեսած ներկայացումներից: Թեման այնպիսին է, որ բոլորն էլ կհուզվեն:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031