Վաղը՝ հունիսի 1-ին ՀՀ կառավարության նիստում կքննարկվի մարզպետների ազատման ու նորերի նշանակման հարցը: Կառավարության որոշմամբ արդեն իսկ հայտնի են մի քանի մարզպետների անուններ: Այսպիսով, Շիրակի մարզպետ կնշանակվի Կարեն Սարուխանյանը, Վահե Շալումյանը՝ Տավուշի, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի, Աշոտ Սիմոնյանը՝ Արագածոտնի, Կոտայքի մարզպետ կնշանակվի Ռոմանոս Պետրոսյանը, իսկ Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետ:
Աշխատանքից ազատման դիմում է գրել նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Սակայն նոր մարզպետի նշանակման լուրը դեռեւս չի հրապարակվել։ Իսկ բնակչության շրջանում արդեն իսկ թեկնածուների անուններ են շրջանառվում:
Մի քանի օր առաջ Aravot.am-ը խոսել էր հավանական թեկնածուներից երեքի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար, Վանաձորի համայնքի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային խորհրդի նախագահ Արամ Խաչատրյանի եւ Ալավերդու «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ տնօրեն Օլեգ Դուլգարյանի հետ:
Իսկ այս պահին ըստ մամուլի ամենահավանական թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի խորհրդի անդամ, ատամնաբույժ Անդրեյ Ղուկասյանն է: Մեզ հետ զրույցում Ղուկասյանն ասաց, որ դրանք միայն խոսակցություններ են, որոնք իրականությանը չեն համապատասխանում. «Շատ հանգամանքներից է կախված, մեր կուսակցությունում եւս մեկ թեկնածու ունենք՝ Արամ Խաչատրյանը: Չի բացառվում, որ ես կլինեմ մարզպետ, բայց ցանկալի է եւ ավելի ճիշտ կլինի, որ Արամ Խաչատրյանին նշանակեն: Բայց ո՛չ իմ, ո՛չ Արամի հետ ոչ մի բան չեն քննարկել, ոչ մի խոսակցություն չի եղել»:
Ղուկասյանն ասում է, որ եթե իրեն նշանակեն մարզպետ, ապա, հավանաբար, ինքը կաշխատի այդ պաշտոնում. «Ես շատ վճռական ձեւով կաշխատեմ»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ