Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ պետությունը իր պարտականությունները կատարելու փոխարեն նախընտրում էր վարձել մեկ այլ իրավաբանական անձի. Արթուր Գրիգորյան

Մայիս 31,2018 21:12

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի պարզաբանումը

Ցանկանում եմ պարզաբանել ՝ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» -ը Տաշիր Կապիտալ ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելուց հրաժարվելու ՀՀ կառավարության դիրքորոշումը։ Կարծում եմ, որ բոլոր կողմերը կարող են արձանագրել, որ Բարձրավոլտ էլեկտրացանցերում տարիներ շարունակ, տարբեր պատճառներից ելնելով, կառավարման արդյունավետությունը բավարար չի եղել, որի արդյունքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ։Առաջին հերթին կուզենայի նշել, որ իմ հայտարարությունը ոչ թե ուղղված էր «Տաշիր» Ընկերությունների խմբի, այլ հավատարմագրային կառավարման պայմանագրի որոշակի կետերի դեմ: Անդրադառնամ դրանցից մի քանիսին.

1. Պայմանագրի 1.2 կետով սահմանված է, որ «Տաշիր Կապիտալ» ընկերությանն է հանձնվում ոչ թե «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ընկերության ընթացիկ կառավարումը, այլ բաժնետոմսերով հավաստված իրավունքները: Սա նշանակում է, որ, փաստորեն, պետությունը` իր ռազմավարական նշանակություն ունեցող գույքի սեփականության իրավունքները հանձնում է մասնավորին:

2. Պայմանագրի 4.2 կետով հավատարմագրային կառավարման ժամկետ է սահմանվում 25 տարի:

Վերոնշյալ երկու կետերի բովանդակությունն ապացուցում է, որ հիշյալ հավատարմագրային կառավարման պայմանագիրը ավելի շատ նման է մասնավորեցման պայմանագրի, քանզի 25 տարին բավական երկար ժամանակահատված է: Հասկանում եմ, որ ընդդիմախոսները կփաստեն, որ նախորդ իշխանություններն այսքան երկար ժամանակով էին հանձնել հավատարմագրային կառավարման, որպեսզի.

1. բիզնես հետաքրքրություն առաջացնեին հավատարմագրային կառավարչի մոտ գործարքի նկատմամբ

2. հավատարմագրային կառավարիչը հնարավորություն ունենար երկարաժամկետ և ցածր տոկոսադրույքով վարկեր ներգրավել,  այդուհանդերձ չպետք է մոռանալ, որ պետության համար բացի դրամական շահը, գոյություն ունի նաև ռազմավարական շահ, և անթույլատրելի է «Բարձրավոլտ Էլեկտրացանցերի» մասնավորեցումը կամ նմանօրինակ այլ գործարքները:

«Բարձրավոլտ Էլեկտրացանցերի» ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ ընկերությունն իր 16 ենթակայաններով և մոտ 2000 կմ օդային գծերով էներգետիկ համակարգի հիմքերը ստեղծող ընկերություն է, և այսօրվա իրականության մեջ, երբ բաշխիչ ցանցերը` ի դեմս «Հայաստանի Էլեկտրական Ցանցերի», մասնավորեցված են, պետությունը էներգահամակարգի կառավարմանը մասնակցելու դե ֆակտո այլ լծակներ չունի, քան «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ընկերությունը պետական կառավարման ներքո պահելը:

Այս պայմանագրի չեղարկումով հարցականի տակ է դրվում ոչ թե «Տաշիր Կապիտալ» ընկերության` որպես հավատարմագրային կառավարչի նպատակահարմարության հարցը, այլ առհասարակ հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակահարմարությունը:

Հաջորդիվ կուզենայի անդրադառնալ մամուլում շրջանառվող որոշակի քննադատությունների:

Ճիշտ է, «Տաշիր Կապիտալը» ստանձնել էր պարտավորություն, որ «Բարձրավոլտ Էլեկտրացանցերում» հետագա իրականացվող ներդրումային ծրագրերի համար ներգրավվող վարկերը կլինեն առանց պետական երաշխիքի, այդպիսով չծանրացնելով պետական պարտքի հետագա բեռը, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ այդ ներգրավվող միջոցների մարումները չէին երաշխավորված ընդգրկվելու էներգիայի հաղորդման սակագնում, քանզի գործող իրավական ակտերով «Բարձրավոլտ Էլեկտրացանցերը» կարող է ներդրումներ իրականացնել միայն այն դեպքում, երբ դրանք հաստատված են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և երաշխավորված են, որ դրանց մարումները կընդգրկվեն էլեկտրաէներգիայի հաղորդման սակագնի մեջ: Ուստի`նոր ձևավորված իշխանությունները կիրականացնեն այնպիսի պետական կառավարում «Բարձրավոլտ Էլեկտրացանցերում», որը համոզիչ կլինի դոնոր կազմակերպությունների համար, որ «Բարձրավոլտ Էլեկտրացանցերին» կարելի է տրամադրել վարկեր առանց պետական երաշխիքի, միայն սակագնային երաշխիքով: Միջազգային դոնորների կողմից «Բարձրավոլտ Էլեկտրացանցերին» վարկեր տրամադրելու ամենակարևոր նախապայմաններն են հուսալի և պրոֆեսիոնալ կառավարող թիմի առկայությունը և սակագնային երաշխիքը:

Նրանք այնքան էլ չեն կարևորում այդ պահին ընկերության ֆինանսական վիճակն ու վարկունակությունը, քանզի ընկերությունը գտնվում է պետական կարգավորման ներքո և նրանց վարկերի վերադարձելիությունը ոչ թե երաշխավորված է ընկերության շահութաբերության մակարդակով, այլ սակագնային երաշխիքով:

Բարձրաձայնվում է նաև, որ «Տաշիր Կապիտալ» ընկերության կողմից իրականացված գործողությունների արդյունքում «Բարձրավոլտ Էլեկտրացանցերում» տեղի է ունեցել ծախսերի օպտիմալացում, ինչի արդյունքում խնայվել են միջոցներ, ինչպես նաև հմուտ բանակցությունների շնորհիվ հաջողվել է իջեցնել որոշակի վարկերի տոկոսադրույքներ: Ամենևին էլ չփորձելով կասկածի տակ դնել հրապարակվող արդյունքները, ուզում եմ շնորհակալություն հայտնել «Տաշիր Կապիտալ» ընկերությանը` կատարված աշխատանքի համար, և փաստել, որ պետությունը ևս ի զորու է շարունակել սկսված բարեփոխումները:

Միգուցե նախորդ իշխանությունների ժամանակաշրջանում արդարացված էր ծախսերի կրճատմանն ու արդյունավետ կառավարմանն ուղղված գործառույթները հանձնել մասնավորին, որը կունենար բավարար կամք և պրոֆեսիոնալ անձնակազմ հաջողելու համար, սակայն սա նոր Հայաստանն է, որտեղ պետությունն ունի այդ կամքը աշխատանքում ներգրավել պրոֆեսիոնալների և իրականացնել օպտիմալ ու պրոֆեսիոնալ կառավարում, ինչը հնարավոր չէր նախորդ համակարգում: Պատասխանատու հայտարարում եմ` այն բոլոր պարտականությունները, որ պետությունը դրել էր «Տաշիր Կապիտալի» վրա, ի զորու է կատարել սեփական ուժերով:

Բացի այդ, եթե լավագույն սցենարի դեպքում «Տաշիր Կապիտալը» կատարեր իր բոլոր պարտականությունները և հավատարմագրային կառավարման ծրագրով նախատեսված մոտ 800 մլն դրամի խնայողություններ իրականացներ ընկերության շահագործման և պահպանման ծախսերում, որպես կառավարիչ պետք է պետության կողմից ստանար վարձավճար մոտավորապես այդ խնայողությունների 25 տոկոսի չափով, այսինքն` մոտ 200 մլն դրամի չափով (իր կառավարչական ծախսերը փակելու և որոշակի շահույթ ստանալու նպատակով): Ստացվում է, որ պետությունը իր պարտականությունները կատարելու փոխարեն նախընտրում էր վարձել մեկ այլ իրավաբանական անձի: Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ պետությունը ի զորու է կատարել այդ աշխատանքը` առանց լրացուցիչ ծախսեր կատարելու:

Ցանկանում եմ անդրադառնալ նաև այն քննադատությանը, թե իբր ես, չարաշահելով պաշտոնական դիրքս, միջամտում եմ գազի և էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորմանն ուղղված գործառույթներին: Այդպիսի բան չկա և չի էլ լինի. Ես հայտարարել եմ, որ մենք`որպես էներգետիկ ոլորտում քաղաքականություն իրականացնող գերատեսչություն, խորհրդակցություններ և քննարկումներ ենք անցկացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, որպեսզի հասկանանք և տեղեկանանք մոտ ապագայում սակագնի վրա հնարավոր դրական և բացասական ազդեցությունները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031