Իրավապահ մարմինների՝ «Յունիգրաֆ իքս» ընկերությունում հայտնաբերված չարաշահումների մասին նշված ընկերությունից հրաժարվում են մեկնաբանություն տալ:
Հիշեցնենք, որ «Յունիգրաֆ իքս»-ը տարիներ շարունակ Երեւանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթի միակ մասնակիցն ու հաղթողն է եղել եւ մշտապես 100 միլիոն դրամը գերազանցող ֆինանսավորում ստացել մայրաքաղաքում թափառող շների ստերջացման եւ պատվաստման համար:
«Յունիգրաֆ իքս»-ն, ըստ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության օպերատիվ տվյալների՝ 2016-2018 թվականների ընթացքում Երեւանի քաղաքապետարանից ստացել է շուրջ 267 միլիոն դրամ: Այս ժամանակահատվածում ընկերությունը ձեւակերպել է, թե ձեռք է բերել 128 տոննա հավի միս, մինչդեռ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 12,6 տոննա, ձեւակերպվել է 206 տոննա բրնձի ձեռքբերում, պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 8,4 տոննա, իսկ ձեւակերպված 25 տոննա խոզի միս ընդհանրապես չի օգտագործվել: Արդյունքում, ըստ իրավապահների, յուրացվել է շուրջ 185 միլիոն դրամ:
Այս առնչությամբ Aravot.am-ը որոշ հարցեր ուղղեց «Յունիգրաֆ իքս»-ին: Նաեւ հետաքրքրվեցինք՝ թե ինչո՞ւ է ընկերությունը խոզի միս ձեռք բերել, եթե, ըստ մասնագետների, շներին խոզի միսը հակացուցված է: «Որեւէ հարցի չենք կարող պատասխանել, քանի որ նախաքննություն է գնում»,-մեր հարցերին ի պատասխան այսպես ասացին ընկերությունից:
Թե ինչո՞ւ տարիներ շարունակ այս կասկածելի ընկերությունն է մրցույթը շահել, մեր այս հարցին ի պատասխան երեկ Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն ասել է, որ մրցույթներին միակ մասնակիցն այս ընկերությունն է եղել:
«Փրո փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք երկար տարիներ նշված ոլորտում ուսումնասիրություններ են արել: Պետական մրցույթներին նշված ընկերության միակ մասնակից լինելը Արամյան պայմանավորում է օրենսդրական բացով: Արամյանն ասաց, որ օրենքն ի սկզբանե այնպես են գրել, որը մենաշնորհային դիրք է տվել այդ ընկերությանը: Ըստ Նարե Արամյանի, օրենքով սահմանված չափանիշներն այնպիսին էին, որ Հայաստանում «Յունիգրաֆ Իքս»-ից բացի այլ ընկերություն չէր կարող մասնակցել: Այդ չափանիշներով նաեւ նշված ծառայությունների համար փորձը պարտադիր էր, իսկ «Յունիգրաֆ Իքս»-ը 2009 թվականից մասնակցել է մրցույթներին, հետեւաբար փորձ ունի: Արամյանը վստահեցրեց՝ երկար տարիներ դիմել են համապատասխան գերատեսչություններին օրենքում փոփոխություն անելու եւ ոլորտը մրցակցային դարձնելու համար. «Ինչպես միշտ, կառավարությունը գլխառադ է արել ու անտեսել»:
Ինչ վերաբերում «Յունիգրաֆ Իքս»-ի ձեռքբերումներին՝ 25 տոննա խոզի միս, որն ընդհանրապես չի օգտագործվել, հավի մսին ու բրձնին, որոնց չնչին մասն է օգտագործվել, Արամյանն այսպես արձագանքեց.«Խոզի միսը հակացուցված է բոլոր ընտանի կենդանիներին, որովհետեւ տարբեր հիվանդություններ է առաջացնում, առաջին հերթին՝ լյարդի խնդիր»:
Մյուս գնումների մասին էլ Արամյանը նկատեց. «Ինձ համար անհասկանալի է՝ ինչպե՞ս է միանվագ ձեռքբերվել սնունդը, պետք է եռամսյակը մեկը ձեռք բերվեր, բաժանել ամիսների: Այլ տարբերակով պետական գնումով նման բան անել, անհնարին է: Ես չգիտեմ, թե՝ քննությունը մինչեւ որտեղ է հասել, բայց հուսանք կբացահայտեն: Պետական գնումների դեպքում վճարվում է այնքան, որքան իրականացվել է աշխատանքը: Այդ ինչպիսի՞ կեղծ փաստաթղթեր է ներկայացրել «Յունիգրաֆը», որ իբր իրականացրել է աշխատանքները, բայց չի արել, այլ խնդիր է, քննությունը պետք է պարզի: Կրկնեմ՝ քաղաքապետարանը վճարումը կատարում է կատարողականի դիմաց, ավելիի համար չի վճարում»:
Նարե Արամյանը նաեւ հիշեցրեց, որ «Յունիգաֆ իքս»-ը երկար տարիներ ներկայացրել է, թե 40 հազար շների է ստերջացում եւ պատվաստում իրականացրել, մինչդեռ այդ թիվը ուռճացրած է: «40 հազար շունը նշանակում է ամեն մետրի վրա մի շուն պիտի լիներ: Հայաստանում համաչափ եւ օբյեկտիվ տվյալներով չի կարող լինել այդքան շուն: Մենք միջազգային ընկերություն ենք հրավիրել, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւանում 3-3,5 հազար թափառող շուն կարող է լինել: Մենք քաղաքապետին բողոք ներկայացրեցինք, որ շների թիվը շատ է ներկայացված, հետո մրցութային գումարը կիսով չափ կրճատվեց»,-ասաց Արամյանը:
Այսինքն՝ եթե այդ ընկերությունը 2009 թվականից մրցույթի միակ շահողն է, ուռճացված ֆինանսավորում է ստացել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետին: