ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 26-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ։
Մայիսի 31-ի առավոտյան ահազանգ է ստացվել առ այն, որ Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի՝ բռնության հետքերով։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և կայանված «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել է գլխի շրջանում ջնջխված վերքերով արական սեռի դի։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողի ինքնությունը, ով 26 տարեկան է՝ հաշվառված Գյումրիում, և որ ավտոմեքենան, որտեղ հայտնաբերվել է դին, գրանցված է տուժողի անունով։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ։
Քննության շահերից ելնելով պարզված հանգամանքների մասին այս պահին այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն, արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե