Լրահոս
Օրվա լրահոսը

Հուզիչ տեսարան Գյումրու թատրոնում՝ մշակութային էլիտայի ներկայությամբ (Ֆոտոշարք)

Մայիս 31,2018 17:47

Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմին նվիրված «Հարսանիք թիկունք»-ում ներկայացման պրեմիերան, որը դիտելու էին եկել ինչպես ապրիլյան պատերազմին նահատակված հերոսների հարազատները, զինվորականներ, այնպես էլ Հայաստանի ու Արցախի մշակութային էլիտան։ Ներկա էր նաև Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Սերգեյ Շահվերդյանը, ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանի ընտանիքը։ Նշենք, որ տոմսերը դեռ մեկ ամիս առաջ սպառվել էին, դահլիճում ոչ թե նստելու, այլ կանգնելու տեղ անգամ չկար։

Մինչ ներկայացումը մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի կողմից հանդիսավորությամբ 3 սենյականոց բնակարանի բանալիներ հանձնվեցին թատրոնի դերասան Արկադի Ղարագուլյանին։ Այն ձեռք էր բերվել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին կից թատրոնի աջակցման հիմնադրամի կողմից, որը ստեղծվել էր անցած տարվա հունիսին՝ թատրոնի աշխատակիցների սոցիալական խնդիրներն ու տեխնիկական վերազինման հարցը լուծելու նպատակով։ Նշենք, որ Արկադի Ղարագուլյանը երկար տարիներ աշխատում է Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, նա Ջավախքից է, Գյումրիում բնակվում է վարձով։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից շատերը՝ «Պան Արմենիան մեդիա գրուպի» գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, «Հայկական Կարիտաս»-ի գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը և այլ հանրաճանաչ մարդիկ ևս ներկա էին իրադարձությանը։

Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը հանդես եկավ մի պատասխանատու հայտարարությամբ. նա խոստացավ ևս 4 բնակարաններ ձեռք բերել թատրոնի անօթևան դերասանների համար։ Տիգրան Վիրաբյանը հիշեցրեց, որ հիմնադրամի առաջին նվիրատուն Արմեն Ամիրյանն է. նա փոխանցել էր իր աշխատավարձը։ Նա նաև նշեց, որ Տիգրան Համասյանը սիրով համաձայնեց մասնակցություն ունենալ բնակարանի ձեռք բերմանը. Գյումրիում կազմակերպվեց նրա համերգը, որի ողջ հասույթը փոխանցվեց հիմնադրամին։

Արմեն Ամիրյանն իր ելույթում ասաց, որ հիմա ազատ ժամանակ շատ ունի ու ավելի շատ կաջակցի հիմնադրամին։ Մշակույթի նախկին նախարարը մեկ անգամ շեշտեց, որ Գյումրու թատրոնում երկու երիտասարդ կադրերի՝ ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի ու տնօրեն Տիգրան Վիրաբյանի նշանակումը իր լավագույն նշանակումն էր։

Այս իրադարձությունից առավել ցնցված էր Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։

«Այն, ինչ տեղի է ունենում, հեքիաթի պես մի բան է. ամենավառ երևակայություն ունեցող մարդու մտքով էլ չէր անցնի, որ հնարավոր է։ Իհարկե, ապրի Տիգրանը, որ էսպիսի բան է մտածել։ Շատ ապրի, այնպիսի մի ծրագրի մասին խոսեց, որը անելու է մինչև տարեվերջ, նույնիսկ վախենում եմ կրկնել։ Ես հավատում եմ, կասկած չունեմ, որ կանի։ Եվ, իհարկե, այսպիսի վերաբերմունք արվեստագետին, ես ցավոք սրտի, տեսել եմ միայն տոտալիտար երկրներում։ Ասենք՝ Թուրքմենիայում մի ամբողջ թաղամաս է կառուցված՝ ամեն ինչով, դերասաններին է տրված հսկայական բնակարաններ, մտածում ես քաղաքականություն է, պրոպագանդա է։ Հասկանալի է այդ ամենը, բայց մեր այս պայմաններում, ինչպես նշվեց երկրաշարժից արդեն երեք տասնամյակ անց, դեռևս տնակներում ապրող մարդիկ կան ու թվում էր՝ շատ արդիական պետք է լինի Գյումրիում. նկատի ունենալով, որ Գյումրին վարպետների քաղաք է, արվեստների քաղաք է, այս հողն է հիմնականում տվել մեր ժողովրդին, մեր ազգին արվեստի հզոր ներկայացուցիչներ, գրականության, սպորտի ներկայացուցիչներ, թվում էր, թե այստեղ պետք է ամեն ինչ արվեր ժամանակին, որ մշակութային կյանքը մի քիչ կարևորվեր։ Կենցաղային-սոցիալական պայմանները ստեղծագործող մարդու համար ամենավերջին խնդիրները չեն, որովհետև, հազար ներողություն, երբ որ երեխաները տանիք չունեն իրենց գլխավերևում, հազար ու մի պրոբլեմ դրանից ծագած, հերոսի կոչում պետք է տալ այդ դերասանին, որը գալիս, բարձրանում է բեմ, ժպտում է, փորձում է ուրախացնել դահլիճում նստածներին, փորձում է այնպես անել, որ չհասկանանք ինքը ինչ կյանքով է ապրում»,- ասաց Հակոբ Ղազանչյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031