Հայաստանի քաղաքաշինության ճգնաժամի հերթական դրսեւորումը
Դժբախտությունն այն չէ, որ չենք տեսնում լուծումը, այլ այն, որ չենք տեսնում պրոբլեմը:
Մարդկության գոյության և կենսագործունեության ողջ ընթացքում շրջակա միջավայրի վրա երկարատև անտրոպոգեն ազդեցությունը և դրա հետևանքները երկիր մոլորակի էկոհամակարգը հասցրել են աղետալի վիճակի: Ի վերջո մարդկությունը պարտադրված հանգեց այն լայնամասշտաբ մտածողությանը, որ երկիր մոլորակի վրա գլոբալ էկոլոգիական պրոբլեմները, որպես հանրագումար, չեն կարող լուծվել առանց յուրաքանչյուր երկրի տնտեսական, սոցիալական և բնապահպանական եռամիասնական պրոբլեմների համալիր և ներդաշնակ լուծման: Դրա հետ կապված, ողջ աշխարհում, օրակարգային դարձան ոչ միայն բնության նկատմամբ խնայողական վերաբերմունքի դրսևորման և շրջակա միջավայրի պահպանության, այլև մարդկության կենսագործունեության ամենաբարենպաստ միջավայրի տարածական կազմակերպման հարցերը՝ պարտադիր կարգով հաշվառելով ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների պահանջմունքները, առողջ և անվտանգ ապրելու իրավունքը:
Կենսատարածքների տարածական կազմակերպման և զարգացման այդպիսի մոտեցումը ստացավ «կայուն զարգացում» անվանումը:
Ըստ միջազգային իրավասու կառույցների կողմից ներկայացված զեկույցների և գնահատականների, երկիր մոլորակում իրավիճակն այնպիսինն է, որ եթե 21-րդ դարը չդառնա «կայուն զարգացման» դար, եթե բնական ռեսուրսների անխնա, գիշատչական շահագործումը, մթնոլորտի, հիդրոսֆերայի, հողային ծածկույթի անթույլատրելի ախտոտումը, մեզ շրջապատող բազմազան էկոհամակարգերի հավասարակշռության լուրջ և գրեթե անուղղելի խախտումներն այսուհետ ևս դրվեն օրենքից և օրակարգից դուրս, ապա մարդկությունն ինքնին կոչնչանա առանց միջուկային պատերազմների: Դա հավասարազոր կլինի արդեն ոչ թե դանդաղ, այլև արագացված ինքնասպանության: Պետք է խոստովանենք, որ նման անհանգստության համար մենք ավելի քան բավարար հիմքեր ունենք՝ և սոցիալ-տնտեսական և բնապահպանական ոլորտներում:
Ղեկավարվելով այդ մտահոգություններով, դեռևս 1992 թվականին Ռիո–դե-Ժանեյրոյում կայացած «Շրջակա միջավայրի և զարգացման» ՄԱԿ-ի Կոնֆերանսն ընդունեց երկու կարևոր փաստաթղթեր՝ «Շրջակա միջավայրի և զարգացման Դեկլարացիան» և «XXI դարի օրակարգը»: Այդ փաստաթղթերի հիմնական թեզիսը, որպես երկիր մոլորակի վրա կյանքի հարատևության խորհուրդ, այսուհետ այնպիսի զարգացման անհրաժեշտությունն է, ինչը կապահովի ներկա սերնդի պահանջմունքները, բայց ոչ ի հաշիվ և ոչ ի վնաս ապագա սերունդների:
Բացի այդ, ՄԱԿ-ի կողմից շարունակվեցին ծավալուն և հետևողական աշխատանքներ տարվել նաև աշխարհում կայուն զարգացման տեսական և գործնական առաջընթացն ապահովելու և ակտիվացնելու ուղղությամբ: Այդ նպատակով բնակավայրերի վերաբերյալ ստեղծվեց նաև «ՄԱԿ-Հաբիթաթ» ՄԱԿ-ի հատուկ ծրագիրը: Մշակվեցին «ՄԱԿ-Հաբիթաթ»-ի մեթոդական հիմնարար փաստաթղթերը, որոնցում ներկայացված են բնակավայրերի և տարածքների կայուն զարգացման գաղափարախոսությունը և մեթոդաբանությունը, բացի այդ, տարածական պլանավորման պատասխանատու նախարարների Եվրոպական գագաթաժողովն (CEMAT) ընդունեց տարածական պլանավորման ղեկավար սկզբունքներն ու դրույթները և այլն:
Այդպիսով՝ «Կայուն զարգացում»-ը, որպես մարդկության գոյապահպանության պայման և գիտակցված պարտավորություն, հայտարարվեց և ամրագրվեց այդ փաստաթղթերում:
Եկեք խոստովանենք, որ բարոյական պարտավորության առումով, ցանկացած պետության կողմից այս ուղղությամբ ցուցաբերած, կամ ցուցաբերվող անգործունեությունը գնահատելի է որպես հանցավորություն սեփական երկրի, իսկ մեծ հաշվով՝ մարդկության հանդեպ:
Կայուն զարգացման ժամանակակից տնտեսագիտությունը, որը ներառում է գլոբալ բնույթի հիմնախնդիրներ և շեշտադրում հատկապես տարածական զարգացման տեսանկյունը՝ համարժեքորեն հանգեցրեց տարածքների կայուն զարգացման սկզբունքների մշակման և ներդրման անհրաժեշտությանը, ինչը թելադրված էր երկիր մոլորակում քաղաքների և այլ բնակավայրերի աննախադեպ աճի իրողությամբ և ուրբանիզացման (քաղաքակենտրոնացման) պրոցեսի «զարգացման» անցանկալի հետևանքներով:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մեջ ազգային անվտանգության ներքին սպառնալիքների շարքում ևս նշված է Հայաստանի ուրբանիզացումը՝ պայմանավորված հատկապես Երևան քաղաքի և մարզերի միջև տնտեսական զարգացման անհամաչափությունների անկառավարելի և շարունակական աճով և վտանգավորության աստիճանի բևեռացմամբ:
Այժմ պարզաբանենք, թե որոնք են տարածքային կայուն զարգացմանը հասնելու միջոցները: Հիմնվելով միջազգային փորձին և տեսությանը, միանշանակ կարող ենք փաստել, որ տարածքների կայուն զարգացումն ապահովելու հիմնական բանալին անպայմանորեն հանդիսանում է կենսատարածքների ամենաբարենպաստ (օպտիմալ) կազմակերպումն ու օգտագործումը: Իսկ կենսատարածքների օպտիմալ կազմակերպման, այսինքն՝ կայուն զարգացումն ապահովելու գլխավոր միջոցն ինքնին՝ տարածական պլանավորումն է: Ուրիշ միջոց գործնականում գոյություն չունի: Այնպես որ՝ հանրապետության տարբեր տարածքների տարածքային կազմակերպման նախագծերն, ըստ էության, հանդիսանում են տարածական պլանավորման գործիքակազմը:
Այդ փաստաթղթերն են՝
ա) Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային կազմակերպման գլխավոր նախագծերը (ազգային մակարդակ).
բ) Հայաստանի Հանրապետության մարզերի ինչպես նաև մեկից ավելի համայնքների տարածքներ ընդգրկող տարածքային հատակագծման նախագծերը (տարածքային մակարդակ).
գ) Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերը (տեղական մակարդակ).
դ) քաղաքաշինական գոտիավորման նախագծերը (տեղական մակարդակ).
ե) բնակավայրերի պատմամշակութային հիմնավորումների, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գոտիների, բնության հատուկ պահպանվող տարածքների նախագծերը.
զ) լանդշաֆտային, առողջարանային, ռեկրեացիոն, գործառական այլ համակարգերի տարածքային կազմակերպման, ինչպես նաև արտադրական կարողությունների, ինժեներական, տրանսպորտային, կոմունալ և սոցիալական ենթակառուցվածքների տեղաբաշխման նախագծերը:
Դա նշանակում է, որ տարածական պլանավորման մեթոդաբանության համաձայն, պարտադիր մշակման ենթակա նշված փաստաթղթերն անպայմանորեն պետք է բովանդակեն տարածքների օպտիմալ տարածական կազմակերպման մասին հիմնարար պատկերացումներն ու մոտեցումները, հիմնված գիտական բազմակողմանի ուսումնասիրությունների վրա, և ինքնին հանդիսանան այդ տարածքների կայուն զարգացումն ապահովող ծրագիրը:
Կայուն զարգացման համատեքստում ահա այսպես են գնահատվում տարածական պլանավորման փաստաթղթերի դերն ու նշանակությունը, իմաստավորում դրանց բովանդակային ուղղվածությունը:
Այդքանով հանդերձ փորձենք հասկանալ և գնահատել գործերի իրավիճակը Հայաստանում, հատկապես, որ ի թիվս շատ երկրների, դեռևս 90-ականների սկզբին Հայաստանի Հանրապետությունը ևս պաշտոնապես և հավասարազոր ընդունել է կայուն զարգացման միջազգային պարտավորությունները, ինչը միանշանակ ենթադրում է ծրագրված և հետևողական աշխատանքների իրականացում այդ ասպարեզում:
Այդուհանդերձ, կայուն զարգացմանն ուղղված նպատակները մենք պետք է դիտենք որպես համամարդկային համակեցության պարտավորություն, բայց առաջին հերթին՝ Հայաստանի տարածքային կայուն զարգացման ապահովման գերակա անհրաժեշտություն:
Սկսենք նրանից, որ Հայաստանի օրենսդրությամբ տարածական պլանավորման փաստաթղթերի մշակումը որակավորում չի պահանջում, այսինքն՝ լիցենզավորման ենթակա գործունեություն չէ:
Դա նշանակում է, որ տարածքների կայուն զարգացումն ապահովող տարածքային պլանավորման փաստաթղթերի մշակումը, լիցենզավորման օրենսդրությամբ սահմանված չափանիշներով, բնութագրվում է որպես մասնագիտական գիտելիքներ չպահանջող, պետության և հասարակության շահերի, երկրի և քաղաքացիների անվտանգության խնդիրների հետ առնչություն չունեցող ոչ կարևոր գործունեության տեսակ:
Ահա հերթական զավեշտը:
Ինչ է սա՝ մասնագիտական անձեռահասություն, թե՝ դիտավոր հանցավորություն:
Այնպես որ, մեր անգիտությամբ թե անպատասխանատվությամբ (դա արդեն միևնույն է), երկրի տարածական ձգտումների և տարածքային կայուն զարգացման հարցերում մենք ճգնաժամային նշաձողը տեղային մակարդակից գործնականում բարձրացրել ենք միջազգային մակարդակի:
Հետևությունը միանշանակ է՝ Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի հանդեպ պետականորեն դրսևորած նման վերաբերմունքը հավաստում է, որ նախկին կառավարությունների կողմից ինչպես հարկն է չի գիտակցվել (կամ ցանկալի չի եղել գիտակցել) Հայաստանի տարածական կազմակերպման, տարածքային կայուն զարգացման կարևորությունն ու անհրաժեշտությունը: Եվ պետք չէ զարմանալ, որ այսօր Հայաստանի քաղաքաշինության օրենսդրությունը զուրկ է պլանավորման գաղափարախոսությունից և որպես դրա հետևանք՝ բուն քաղաքաշինությունից:
Թերևս դրանով է բացատրվում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նկատմամբ ձևավորված անընդունելի, ոչ համարժեք և ձևական վերաբերմունքը՝ դրանց մշակման և կենսագործման ասպարեզներում արձանագրված անհետևողական և բարձիթողի վիճակը (օրինակները շատ են և ծավալուն): Այնպես որ, պլանավորումը, որպես քաղաքաշինության գիտագործնական և տեսաիրավական հիմք՝ մասնագիտական և իրավական պատշաճ բովանդակությամբ պետք է ամրագրվի բնագավառի օրենսդրության մեջ, դառնա Հայաստանում իրական քաղաքաշինության գաղափարական հենքը:
Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի տարածական պլանավորման կարևորությունը, նախ և առաջ և այսուհետ, գիտակցվի պետականորեն և որպես մասնագիտական բազմաբնույթ գիտելիքներ պահանջող, պետության և հանրության շահերի, երկրի և քաղաքացիների անվտանգության խնդիրների հետ անմիջական առնչություն ունեցող կարևոր գործունեության տեսակ՝ պարտադիր կարգով լիցենզավորվի:
Ահա այն կարևոր պայմանն, ինչն ի սկզբանե բաց ենք թողել: Եվ եթե այս ակնհայտ և ցպահանջ ճշմարտությունը գոնե այսօր մենք չգիտակցենք, ապա դարձյալ կշարունակենք մնալ պարտադրված մոլորության մեջ՝ չտարբերելով տանձը խնձորից:
Տարածական պլանավորման գերակայության անտեսումը, Հայաստանի քաղաքաշինության բնագավառում տիրող ճգնաժամային վիճակի պատճառաբանության առումով, այն բարձրակետն է, որտեղից սկսվում է քաղաքաշինության վայրընթացը, քանզի նման սկիզբը, պատճառահետևանքային կապի օրինաչափությամբ, միայն վատ հետևանքներ կարող է ունենալ, ինչի դրսևորումները բազմաթիվ են և ցավոք՝ շարունակական:
Այս ուղղությամբ մենք խորհելու լուրջ խնդիրներ ունենք և այսուհետ պետք է խուսափենք բնագավառում որդեգրած նման գործելաձևից, լրջորեն գիտակցենք, որ ժամանակին չկատարելով անհրաժեշտը, մենք արդեն լուրջ բարոյական բեռ և պարտավորություն ենք ծանրացրել մեզ վրա:
Եկեք մեկ անգամ ևս ամրագրենք, որ քաղաքաշինության մտահոգություններն ինքնանպատակ չեն կարող լինել և պետք է ձևավորվեն միայն Երկրի տարածքային, տնտեսական, սոցիալ-մշակութային, բնապահպանական, աշխարհաքաղաքական, ազգային անվտանգության և այլ պրոբլեմները խորապես ուսումնասիրելու և բազմակողմանիորեն բացահայտելու հիման վրա:
Ասվածից հետևում է, որ Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում, իր գաղափարական հենքով, պետք է հանդես գա որպես տարածքների համապարփակ պլանավորման միջոց, գիտության և արվեստի ուրույն բնագավառ՝ ուղղված ազատ, անվտանգ, բարեկեցիկ, բնականոն և բազմակողմանի զարգացող երկիր կառուցելու և մեր պետականությունն ամրապնդելու կարևորագույն խնդիրների լուծմանը:
Եվ դա անքննելի է, քանի որ իրականում քաղաքաշինությունը (գործնական կիրառության իմաստով՝ տարածքների պլանավորումը) երկրի կայուն և համաչափ տարածքային զարգացման հարցերում, իր ընդգրկուն տարածաչափությամբ, բազմաբնույթ ոլորտների զարգացման, դրանց ծրագրերի համադրման և ներդաշնակման անփոխարինելի առանձնահատկությամբ, պետական բացառիկ գործիքակազմ է հանդիսանում:
Եվ այս դիտավորությամբ, առաջինն ինքը՝ պետությունը պետք է գիտակցի և գնահատի դրա պահանջարկը:
Տեղին է ասված՝ «Ով ունի հայացք, փնտրում է ոչ թե կյանք, այլ կյանքի իմաստ»: Իսկ դա նույնն է, թե չձևավորելով բնագավառում անհրաժեշտ աշխարհայացք՝ մենք իրականում կորցրել ենք մեր անելիքի տարածաչափությունն ու իմաստը, դրանով հանդերձ՝ իրողության սթափ և ճշմարտացի ընկալումն ու գնահատումը:
Եկեք միասին մտածենք և մտահոգվենք, քանզի անելիքներն այստեղ են ծնվում և իմաստավորվում: Իսկ գործը . . . գործը վերջանում է, երբ ոչինչ չես անում . . .
Աշոտ Հակոբյան ճարտարապետ