Նիկոլ Փաշինյանի գլխապտույտ վերելքը դեպի իշխանություն անսպասելի էր: Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչակարգի հանդեպ հանրության դժգոհությունը, կոռուպցիայի հետ կապված երիտասարդության վրդովմունքը, Փաշինյանի խիզախությունը իրականություն դարձրին այն, ինչն անհնարին էր թվում: Այս մասին գրում են Եվրոպական քաղաքականության կենտրոնի (European Policy Centre) ավագ քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը և կենտրոնի ռազմավարական խորհրդի անդամ Դենիս Սամութը:
Նրանց խոսքով՝ «թավշյա հեղափոխությունը» մեծ սպասելիքներ է առաջացրել, բայց ժամանակը Փաշինյանի օգտին չի աշխատում, Հայաստանում ոմանք նրան ընկալում են որպես «ժամանակավոր անհարմարություն»: Նրանց թվին են պատկանում կոռումպացված օլիգարխներ, որոնք օգտվել են Հայաստանի դիսֆունկցիոնալ տնտեսությունից, բյուրոկրատներ և զինվորականներ, որոնք վախենում են ապրել ավելի մրցունակ միջավայրում, ինչպես նաև Հանրապետական կուսակցության որոշ անդամներ, որոնք շարունակում են մեծամասնություն լինել խորհրդարանում: Փաշինյանն ակնկալում է, որ ժողովուրդը կշարունակի վստահել իրեն այնքան ժամանակ, մինչև նա կարողանա սկսել իրականացնել խոստացված փոփոխությունները:
Առաջնահերթություն համարվող փոփոխություններ
Փաշինյանը գիտակցում է, որ մարդիկ առաջին հերթին ցանկանում են նոր սկիզբ, կյանքի ավելի լավ որակ և արդարադատություն նրանց հանդեպ, ովքեր թալանել են Հայաստանն անկախությունից ի վեր: Փողոցային պայքարի ժամանակ արտաքին և պաշտպանական քաղաքականությունների թեման գրեթե չի շոշափվել: Հայաստանը կշարունակի մնալ Ռուսաստանի ազդեցության ներքո՝ որպես ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կշարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այնուամենայնիվ, Փաշինյանի ներքին օրակարգը շատ հավակնոտ է:
Առաջնահերթությունների թվում են կոռուպցիայի դեմ պայքարը, օլիգարխիկ համակարգը վերացնելը, արդարադատությունը և «գողացված գումարներ» գտնելը: Քանի որ Փաշինյանը մեծամասնություն չունի խորհրդարանում, առաջնային է ստեղծել ընդարձակ և առողջ քաղաքական կոալիցիա: Շուտով խորհրդարանին կներկայացվի կառավարության ծրագիրը, որը ինչպես ակնկալվում է, կընդունվի…
Նոր կառավարությունը գիտի, որ փողոցում ստացած հաղթանակը պետք է ամրագրի խորհրդարանական ընտրություններով: Կոնսենսուս կա, որ արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան մինչև 2018թ. ավարտը, որպեսզի օգուտ քաղվի աջակցության ալիքից: Բայց դա կարող է այդքան էլ դյուրին չլինել: Խորհրդարանը պետք է որոշի ընտրությունների ժամկետը, իսկ Հանրապետական կուսակցությունը դեմ է արտահերթ ընտրություններին: Կուսակցությունը ցանկանում է ժամանակ շահել այն հույսով, որ Փաշինյանի հանդեպ անվստահություն կձևավորվի: Հանրապետական կուսակցությունը խոստացել է կառուցողական դեր խաղալ: Այնուամենայնիվ, քանի դեռ կուսակցության ձեռքերը հասնում են իշխանության երեք ճյուղերին, նոր կառավարությանը խանգարելու հավանականությունը մեծ է: Հնարավոր է` Փաշինյանը ստիպված լինի նորից ժողովրդին դուրս բերել փողոց՝ ՀՀԿ-ին վերահսկողության տակ պահելու համար, սակայն մշտական հեղափոխության հեռանկարն այն չէ, ինչ նա ուզում է, և այն չէ, ինչ Հայաստանին պետք է հիմա:
Հայաստանի վերակառուցումը Պուտինի ստվերի ներքո
Ռուսաստանը կարևոր խաղացող է Հայաստանի առօրյա կյանքի բոլոր ոլորտներում: Ռուսաստանը լուռ համաձայնվեց Երևանում իշխանության փոփոխությանը, չնայած Կրեմլն այդքան էլ ոգևորված չէր… Երբ Ռուսաստանը վերջիվերջո խոսեց, զգուշաբերություն ցուցաբերեց՝ շեշտելով, որ ցույցերը երկրի ներքին գործն են: Հնարավոր է, Մոսկվան դասեր է քաղել Ուկրաինայում իր փորձից: Խուսափելու համար հակառուսական տրամադրություններից՝ Կրեմլը կարծես թե հետաքրքրված չէ հետ բերել ժողովրդավարություն չվայելող առաջնորդներին:
Վերջ ի վերջո Ռուսաստանի դիրքերը վտանգված չեն, քանի որ երկիրը վերահսկում է Հայաստանի տնտեսությունը և մեծ մասնաբաժին ունի անվտանգության մեջ: Այլընտրանքային սցենարների բացակայությունը մանևրումների քիչ հնարավորություն է տալիս իշխանության եկածների համար: Հենց այդ պատճառով Փաշինյանն իր օրակարգից բացառել է արտաքին և անվտանգության քաղաքականություններին վերաբերող հարցերը: Մայիսի 14-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանի համար շատ կարևոր է ռազմավարական հարաբերությունները ՌԴ-ի հետ, չնայած այն հանգամանքին, որ դեռևս 2017թ. Փաշինյանի դաշինքը հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելու համար:
Մոսկվան կարող է չընդունել Փաշինյանի ներքին բարեփոխումները, եթե դրանք հակասեն Ռուսաստանի տնտեսական շահերին: Փաշինյանի հետ մեղրամիսը կարող է կարճ կյանք ունենալ:
Ղարաբաղը մնում է չշոշափված թեմա
Փաշինյանը վերջին երկու տասնամյակում Հայաստանի առաջին առաջնորդն է, որ ծագումով Արցախից չէ և այնտեղ չի սկսել իր քաղաքական կարիերան: Արցախի շուրջ անհամաձայնությունները «ռելսերից գցեցին» Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տե-Պետրոսյանի կառավարությանը, Փաշինյանը կարծես թե մտադիր է նման բան թույլ չտալ իր կառավարության հետ: Մինչև հիմա Ադրբեջանը չափից դուրս երջանիկ է երևում… Շփման գծում անսովոր հանգստություն է տիրում, ինչն աշխատում է ի նպաստ Փաշինյանի: Այնուամենայնիվ, շփման գծում, որտեղ իրավիճակը միշտ անկայուն է, միջադեպերն անխուսափելի են և կարող են վերահսկողությունից դուրս գալ: Ադրբեջանի համբերությունը քիչ հավանական է, որ երկար կտևի, այս խնդրում միջազգային միջնորդության դերը երբեք այդքան կարևոր չի եղել, ինչպես հիմա:
Ի՞նչ դեր է հատկացվում ԵՄ-ին
Հեղինակները նշում են, որ զգալիորեն աճել է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը Երևանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների պատճառով: Վերլուծաբանների կարծիքով՝ Համաձայնագիրը պարունակում է գործիքներ և մեխանիզմներ, որոնք Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարող է օգտագործել բարեփոխումների իրականացման համար: Հայաստանի յուրահատուկ իրավիճակը ԵՄ-ից հատուկ արձագանք է պահանջում՝ ընդգծում են նրան:
«Փաշինյանը տպավորիչ հաղթանակ տարավ: Այժմ նա պետք է արդյունքներ ցույց տա և արդարացնի իր աջակիցների սպասումները: Չնայած նա իրավացիորեն որպես առաջնահերթություն սահմանել է ներքին սոցիալ-տնտեսական և կառավարման բարեփոխումները, արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերը, այդ թվում՝ արցախյան հակամարտության, շարունակելու են մնալ օրակարգում: Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանի առաջնորդած խաղաղ ժողովրդական շարժումը պետք է ոգեշնչման աղբյուր մնա նրանց համար, ովքեր նման անհույս իրավիճակներում են»,- եզրափակում են հեղինակները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ