«Չեմ կարող նման ինչ-որ բան ասել: Դա գյուղնախարարության անմիջական ենթակայության տակ չի»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը`անդրադառնալով «Երեւան սիթիներում» ԱԱԾ-ի կողմից եղած ստուգումներին եւ բացահայտումներին, որոնց արդյունքում 5 տոկոս հարկ է վճարվել, 20 տոկոսի փոխարեն: Դա եղել է ի հաշիվ նրա, որ գյուղատնտեսական ապրանքները գյուղացիներից ձեռք է բերվել առանց փաստաթղթի: Լրագրողները հետաքրքրվում էին`փաստաթղթավորումն արդյոք չի նշանակում, որ ապրանքների գները բարձրանալու են:
«Պետք է նաեւ հաշվի առնել, որ «Սիթին» մենակ չի, շուկան է իր գինը պայմանավորում: Մենք ամսի 2-ին գյուղատնտեսական մեծածախ շուկան վերականգնում ենք»,- ասաց նախարարը`հավելելով, որ առեւտրի ցանցը չի կարող խաղողը կամ ծիրանը վաճառել 1000 դրամով, եթե դրսում կա 700 դրամով: Ասում է`այլ հարց է, որ կարող է մարժայի հարց առաջանալ: Նախարարը հույս ունի, որ կտրուկ թանկացումներ չեն լինի, բայց հստակ բան ասել չի կարող. «Կապրենք` կտեսնենք»:
Ի դեպ, չի բացառվում, որ գյուղմթերքի ներկրումն ավելի ձեռնտու դառնա, քան տեղական արտադրանքն է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ