Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հիմա Հալաբյան փողոցի վրա՝ Թումոյի այգուց քիչ վերև, այգու վերացման աշխատանքներ են գնում». Մարինե Խաչատրյան

Մայիս 31,2018 16:46

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը հիշեցրեց՝ Երևանի գլխավոր նախագծի քննարկման ժամանակ իրենց հավաստիացրել են, որ բիզնես կենտրոնը չպետք է մտներ Երևանի փոքր կենտրոն, և Երևանի կենտրոնը պետք է մնար որպես մշակութային, վարչական, մշակութային ժառանգության կենտրոն: Իսկ եթե կառուցապատումներ լինեին, ապա դա պիտի լիներ ներդաշնակ մյուս շինություններին և ինչքան հնարավոր է պետք է կանաչապատեին:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը տիկին Դանիելյանն արձանագրեց. «Բիզնեսը մտավ կենտրոն և սկսեց քանդել ինչ հնարավոր է: Կառուցապատումն ավելի շատ հետապնդում է առանձին մարդկանց, ոչ թե քաղաքի շահերը: Հիմնականում քաղաքաշինությունը շարունակում է սեյսմիկ ռիսկերը, պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնել»: Տիկին Դանիելյանը նաև ահազանգեց՝ Երևանի կենտրոնում ռադիոակտիվ ֆոնը նորմայից բարձր է՝ շինաշխատանքներով պայմանավորված:

Ճարտարապետ, Ճարտարապետների միության քարտուղար Բորիս Քոչարյանը նկատեց՝ քաղաքաշինության ոլորտում լավ կառավարման մեխանիզմ դեռ չենք կարողացել գտնել. «Մենք քաղաքաշինություն այսօր չունենք. անգամ այս կարգի բնորոշում կարող ենք տալ: Կանաչ տարածքների վերացումը պայմանավորված է նրանով, որ քաղաքը հիմնովին կառուցապատված էր, և կապիտալը գտավ ազատ տարածքներ հենց կանաչ տարածքներում: Երբ կա ներդրում, որը տնտեսական առումով պետությանն անհրաժեշտ է, կառավարական մարմիններն աշխատում են արագ բավարարել ներդրողների պահանջները: Իսկ այդ խնդիրները իրար լրացնելու փոխարեն սկսեցին հակասել: Պիտի անցնենք կանաչ ճարտարապետության պահանջների ամրագրմանն ու պահպանմանը»:

Տիկին Դանիելյանը տեղեկացրեց, որ կենտրոնի կառուցապատման օրենքի նախագիծ կա, որը կառավարությունը հաստատեց: Այնուհետև հավելեց. «Այն գնաց ԱԺ և մեռավ, որովհետև իրենք են կառուցողները»:

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս տարի քաղաքի բյուջեից 3.5 միլիոն դոլար է տրամադրվել քաղաքի կանաչապատման համար. «Այս գումարները գնում են մեծ քանակով ծաղիկներ գնելու համար: Տարոն Մարգարյանին և մյուսներին հիշեցնեմ, որ դա ընդամենը ծաղկապատում, գունապատում է և քաղաքի օդի բնապահպանական խնդիրների վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող: Այդ նույն ծաղիկները՝ մի քանի տնկիները, ձեռք են բերվում Տարոն Մարգարյանի շրջապատին պատկանող կառույցներից և կազմակերպություններից: Ծառահատումների ծավալները սոսկալի են. ականատես ենք եղել Մյասնիկյանի արձանի հետևի այգու ծառահատումներին, հիմա էլ Հալաբյան փողոցի վրա՝ Թումոյի այգուց քիչ վերև այգու վերացման աշխատանքներ են գնում»:

Ճարտարապետ Գառնիկ Ստեփանյանը երազում է այն Հայաստանի մասին, որտեղ քաղաքացիները կանհանգստանան, երբ ծառ է կտրվում. «Ցավոք, մեր պատվիրատուները նման մտահոգություն չունեն: Մենք պետք է մեր հասարակության միջից արմատախիլ անենք այն մտածողությունը, որը բերում է այդ կարգի երևույթների: Երբ հասարակությունը և մարդիկ հասկանան, որ քաղաքն իրենց տունն է, նման մտահոգությունը արմատախիլ կարվի: Երբ ունենանք չինովնիկների ավելի կրթված և բարձր մակարդակի խումբ, այս հարցերը կլուծվեն»:

Բնապահպան Գայանե Բաբլոյանը փաստեց՝ այլևս իրենց ռեսուրսները չեն բավականացնում ամեն թփի և ծառի պահպանման հետևից ընկնել. «Եղավ նման ժամանակ, երբ և՛ Թեղուտում, և՛ Կապանում, և՛ Ալավերդիում էինք: Ալավերդիում սարսափելի վիճակ է. գործարանի ծուխը տարածվում է ողջ քաղաքի վրա: Եկավ մի պահ, որ բնապահպանները չգիտեին՝ ինչպես ռեսուրսները բաժանեն, որ ամեն ծառի, թփի հետևից ընկնեն, փրկեն: Դա գլոբալ հարց է. ի վիճակի չէ քաղաքացին նման ռեսուրս ունենալ, որ վազի, տեսնի՝ օրինակ՝ Մյասնիկյանի արձանի հետևում ինչ են անում: Քաղաքապետի պաշտոնանկ լինելու հարցը պիտի դրվի: Եթե չունենք այնպիսի քաղաքապետ, որ մտահոգված է Երևանի կանաչապատման հարցով, ինչի՞ մասին ենք խոսում: Ակցիաներ անում ենք, ծառ են կտրում, գնում ծառը գրկում ենք, որ չկտրեն, Թեղուտում պայքարեցինք, որ շահագործում չլինի: Ամեն ինչ փչացրին, հետո փակվեց Թեղուտը: Էլ չենք ուզում գնալ Թեղուտ, որ չտեսնենք, թե ինչ ահավոր վիճակ է: Երկու տարի է քաղցկեղով հիվանդների մասին ահազանգեր ենք ստանում: Նորմալ քաղաքապետ է պետք, որ իրականացնի նորմալ որոշումներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031