«Ես վախենալու միայն մի բան ունեմ, որ ահեղ դատաստանի առաջ կանգնեմ։ Իմ հարստությունը, որ ներկայացնում եք, շինծու է»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը: Լրագրողները նրանից հետաքրքրվում էին ԱԱԾ-ի հայտարարած կոռուպցիոն սխեմաներից: Վարդան Ղուկասյանը նաեւ ասում է` Գյումրին ամենախեղճ քաղաքն է, այնտեղ ապօրինի հարստացածներ չկան: Ասում է՝ իր ունեցվածքի եւ իրեն ու իր շրջապատին վերաբերվող բոլոր հրապարակումներն էլ պատվիրված են:
Լրագրողներից մեկը հարցրեց`որտեղի՞ց իրեն գործարան կառուցելու գումար: Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ես Խորհրդային միության ժամանակահատվածում, մինչեւ էս վերջերս, ունեցել եմ մեծ գործարան, աշխատել եմ։ Առաջին կոոպերատիվը Լենինականում բացվել է իմ կողմից`գնացեք, նայեք, կտեսնեք։ Ամբողջ քաղաքը գիտի՝ փոքրուց աշխատող մարդիկ ենք եղել: Թողել եք միլիարդները, ընկել եք ինչի հետեւից։ Սպիտակը սեւ եք սարքում, սեւն էլ՝ սպիտակ»։ Վարդան Ղուկասյանն իր մոտեցումն ունի. «Մինչեւ լրատվական դաշտը չմաքրվի, երկիրը չի կարգավորվի»: Հիշեց դասականին`«Հզոր ոսկին գողին դարձնում է ազնիվ, բարեպաշտ, պոռնիկին` կույս»։
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ