Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը միջնորդեց 8 տարով ազատազրկել նախկին դատավոր Իշխան Բարսեղյանին

Մայիս 31,2018 16:31

Դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ այսօր նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով հերթական դատական նիստն էր: Հիշեցնենք, որ Բարսեղյանը մեղադրվում է 2016թ. քաղաքացի Նորիկ Հակոբյանի օգտին դատավճիռ կայացնելու համար նրանից միջնորդի միջոցով հազար ԱՄՆ դոլարի չափով կաշառք պահանջելու եւ ստանալու համար: Փաստաբան Էլզա Զաքարյանը եւս այս գործով մեղադրյալի աթոռին է. նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է կաշառքի միջնորդությունը: Այսօրվա նիստում մեղադրող-դատախազ Կարեն Բիշարյանն ընթերցեց մեղադրական ճառը: Նա համոզմունք հայտնեց, որ ըստ գործում առկա նյութերի՝ Իշխան Բարսեղյանի եւ Էլզա Զաքարյանի մեղավորությունը հաստատված է:

Դատախազը դատարանից պահանջեց Բարսեղյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել ութ տարվա ազատազրկման, իսկ Զաքարյանին՝ ազատել քրեական պատասխանատվությունից: Վերջին փաստը Կարեն Բիշարյանը պատճառաբանեց նրանով, որ Էլզա Զաքարյանն առաջին անգամ է միջին ծանրության հանցանք կատարել, ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին եւ օժանդակել հանցագործության բացահայտմանը: Իշխան Բարսեղյանը դատախազի մեղադրական ճառը լսելուց հետո թեթեւակի ժպտաց:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը 1999 թվականից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր: Նրա պաշտպանական ճառը կլսվի առաջիկա նիստերում, ինչից հետո դատավորը կկայացնի դատավճիռը: Առաջիկա նիստը հունիսի 7-ին է՝ 14 00-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031