Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սաթյանը պատասխանում է հեռացողներին. «Սրտացավ մարդն իր լծակները կներդնի հօգուտ միության»

Մայիս 31,2018 16:17

Aravot.am-ը Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանից մեկնաբանություն խնդրեց միությունից` անդամների հեռանալու եւ նրանց դիտարկումների վերաբերյալ:

Պարոն Սաթյանը գրավոր ուղարկեց հետեւյալ պատասխանը. «Նախ՝ հասկանանք ինչ է Կոմպոզիտորների միությունը։ Այսօր այն հասարակական կազմակերպություն է, որն օժանդակում է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարման գործընթացին, նպաստում հայ երաժշտության տարածմանը, սակայն չունի այն հսկա ֆինանսական աջակցությունը, որը կար խորհրդային տարիներին։ Միության յուրաքանչյուր անդամ անհատ է, և նա կարող է որոշել՝ լինել միությունում կամ ոչ։ Այսինքն՝ այստեղ ոչ մի պարտադրանք չկա ու չպետք է լինի միության անդամակցության հարցում։ Առավել ևս՝ միության անդամներից մեծ մասն արդեն իսկ տարիքով ու կայացած կոմպոզիտորներ, երաժշտագետներ են, հասուն մարդիկ, որոնք ունեն անցած մեծ ճանապարհ և ազատ են ինքնուրույն դատելու և որոշում կայացնելու մեջ։
Վարդան Աճեմյանի արված արտահայտությանը, թե միությունից տասնյակ կոմպոզիտորներ են դուրս եկել, մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը։ Պետք է երևույթին նայել փաստերով և ով ինչի համար չի ուզում գալ միություն, ընդգրկված լինել Կոմպոզիտորների միության գործունեությանը։

Այդ մարդն, ով իմ ընկերն էր երկար տարիներ, ով համարվում էր միության ղեկավար մասի՝ Խորհրդի անդամ, հանկարծ վերջին պահին (անցյալ տարի) որոշում է մասնակցել ԿՄ ընտրությանն ու պարտվում։ Ցավալի է, որ այդ մարդը, ում ստեղծագործությունները բազմաթիվ անգամ հնչել են մեր փառատոներին, լինելով ղեկավար մասի անդամ ու ունենալով հնարավորություն բարձրաձայնելու բացթողումները, որոնց պատասխանատուն փաստորեն և ինքն էր, չի կարողանում պարտությունից հետո համակերպվել այդ մտքին, ուստի և չի գալիս միություն։ Իրեն անգամ զանգել և հրավիրել են, զանգել, կանչել են միջոցառման, նա ինքն է հրաժարվել գալ։ Քավ լիցի, Աստված իր հետ։ Մենք չենք պարտադրում ոչ մեկի։

Իր կողմից հիշատակված գրող կոմպոզիտորներից Մհեր Նավոյանը, որ երաժշտագետ է, միության գործունեությամբ չի հետաքրքրվում արդեն մի քանի տարի, երբ ես դարձա միության նախագահ, կարելի է ասել՝ հենց հաջորդ իսկ օրվանից։ Նորմալ է, որ մարդկանց հայացքները կարող են չհարել իմ որդեգրած հայացքների հետ, առավել ևս իր պարագայում, երբ ինքը հանդիսանում էր Ռոբերտ Ամիրխանյանի թիմակից և նրա՝ որպես նախագահ ընտրվելու ջատագովը։

Հարգանքս Վահրամ Բաբայանին, իր գործունեությանը, սակայն չեմ կարող չանդրադառնալ այն փաստին, որ հենց նա է եղել միության Սիմֆոնիկ և Կամերային երաժշտության մասնաճյուղի ղեկավարն ու իմ ղեկավարման 5 տարիների ընթացքում բազմաթիվ անգամ հնչել են իր գործերը. սկսած 2014 թվականին մեր կողմից կազմակերպված ԱՄՆ-ում համերգներից, վերջացրած ուղիղ մի քանի ամիս առաջ՝ նախորդ տարվա ավարտին Վրաստանում կայացած հայ-վրացական ժամանակակից երաժշտության փառատոնով, որտեղ, ի դեպ, հայկական փոքր պատվիրակության մեջ ընդգրկված էր նաև ինքը։ Էլ չեմ ասում իր սիմֆոնիկ գործերը, որոնք ամենամյա բոլոր փառատոներին (բացառությամբ՝ նախորդ) հնչել են նվագախմբերի մասնակցությամբ։ Իսկ նախորդ տարվա ծրագրում նույնպես ընդգրկված էր, սակայն դուրս մնաց ոչ թե իմ, այլ դիրիժորի «մեղքով», քանի որ ծրագրային մասով նվագախումբը չէր հասցնում պատրաստվել։ Իր գործի հետ դուրս մնաց նաև մեկ այլ սիմֆոնիկ ստեղծագործություն։ Նա անգամ արժանացել է միության «Տարվա լավագույն ստեղծագործություն» մրցանակաբաշխության հաղթողի կոչմանը…Սա միայն մի մասը։ Եվ եթե պետք է նման կոմպոզիտորը բողոքի, ապա փաստորեն աշխարհը շուռ է եկել մեր կողքին։

Եվ Աշոտ Բաբայանը։ Այս մարդն իր տեսակով միշտ ամեն ինչից բողոքում է, ասում, որ միության անդամ չէ, բայց միշտ ակտիվ գալիս է նիստերին, հարցեր բարձրացնում, նաև հնչում փառատոներին, հետո գալիս, առաջարկում, որ իր գործերից բաղկացած համերգին ընդառաջենք, ընթացք տանք, հետո նորից ինչ-որ բաներ խոսում, էնպես որ՝ այս դեպքում մեկնաբանելն անիմաստ է, ես իրեն միմիայն լավն եմ մաղթում»։

Դիլիջանի ստեղծագործական տան մասին էլ նշեց. «Դիլիջանի մասին խոսողները, որ այն վատ վիճակում է կամ հետընթաց է ապրում, թող իրենց մեջ քաջություն ունենան, վերցնեն թուղթ ու գրիչ և եթե իրենց հիշողությունն իրենց չի դավաճանի, գնան հենց ձեզ հետ ու ուսումնասիրեն՝ որն է ավելացել, ինչպիսի վերակառուցումներ են ընթանում, ընթացել, ինչպիսի մեծ քայլերով զարգացում է ապրում Դիլիջանն այս վերջին տարիներին, քանի քոթեջ էր նման մի «մեծ սանհանգույցի» և քանիսն է հիմա լավ վիճակում գտնվում։ Էլ չասած այստեղի՝ Դեմիրճյան 25 շենքի վերանորոգումը, որն առաջին անգամ է արվել հիմնադրումից ի վեր։ Այնպես որ, նման մարդկանց ես խորհուրդ կտամ անտեղի ժամանակ չծախսել, չքայքայել իրենց նյարդերն ու գործով զբաղվել, գոնե երաժշտություն գրեն, որովհետև միայն չկամեցող մարդը կարող է չտեսնել այն մեծ փոփոխություններն ու առաջընթացը, որը կա միությունում։

Այո, ընդունում եմ, վերջին ամիսներին մեր ֆինանսական վիճակը վատթարացել է ու դա երկրի ներքաղաքական իրավիճակից ելնելով, քանի որ դադարեցվել է արդեն 3 ամիս միության ֆինանսավորումը, որն արվում էր նախագահի պահուստային ֆոնդից։ Ողջ անձնակազմը միայն իր նվիրումի, սրտացավության շնորհիվ է գալիս աշխատանքի ու միասին փորձում ենք ելքեր գտնել, որ միության ֆինանսավորումը վերականգնվի ու շարունակվի ստեղծել հնարավորություններ, որպեսզի դարձյալ հնչի հայ երաժշտությունը։ Սրտացավ մարդն իր լծակները կփորձի ներդնել՝ հօգուտ միության, այ, այս դեպքում միայն կերևա սրտացավությունը, այլ ոչ ամեն պատեհ-անպատեհ առիթով բողոքել։

Իսկ ինչ վերաբերում է նոր միություններ ստեղծելուն, խնդրեմ, ամեն մարդ ազատ է ստեղծել ինչ ուզում է, միայն թե այն ծառայի ի բարօրություն հայ ազգի, ի փառս մեր մշակույթի»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փաստ է, որ Սաթյանի ղեկավարության 5 տարիների ընթացքում, իմ կողմից ներկայացրած 10-ից մինչև 50 րոպե տևողության 7 ստեղծագործություններից ոչ մեկը, միության որևէ մի ծրագրում չի ընդգրկվել, չի գնվել, ,,Դիլիջան,, չեմ գնացել, բայց պարտաճանաչորեն վճարել եմ անդամավճար … Այնպես որ, ՀԿՄ կողմից, անցած 4 տարիներին ծախսած 167 միլիոն 800 քանի հազար դրամը, որի մասին զեկուցվեց անցած համագումարին, ինձ վրա չի ծախսվել: Այդ առումով, որևէ պահանջ չունեմ էլ …Ինչ վերաբերվում է նիստերին մասնակցելուս՝ այո՛, ես սրտացավ եմ, հայ ազգային երաժշտության ճակատագրով և ներկայացնում եմ իմ տեսակետը … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031