ACRA համակարգում գյուղացիների վարկային պատմությունները հնարավոր է սրբագրվեն։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։ «Դիտարկում ենք մի քանի հնարավորություն, որոնց շնորհիվ հնարավոր կլինի տույժ-տուգանքների համաներում անել: Կամ էլ վարկային ռեգիստրում մարդկանց պատմությունը սրբագրել»,- ասաց նա`հավելելով, որ այդ գործընթացը համակարգում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
ԿԲ նախագահի, ֆինասների նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկումներն արդեն սկսված են: Գյուղնախարարը հստակեցրեց`վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը վարկերի համաներմանը չի վերաբերվել, այլ տույժ-տուգանքներին։
Նախարարն ասաց նաեւ, որ այժմ քննարկումներ են ընթանում կարկուտից տուժած գյուղացիական տնտեսություններին օգնության վերաբերյալ: Քննարկվող հարցը հետեւյալն է`փոխհատուցել ամբո՞ղջ գումարը, թե՞ մի մասը: «Հաշվել ենք վնասները եւ 1.2 – 1.5 միլիարդի Արմավիրի մարզում է, մոտ 450 միլիոն դրամ՝ Արարատի մարզում: Պետք է տեսնենք որքա՞ն է պետության հնարավորությունը եւ ի՞նչ մեխանիզմով փոխհատուցենք: Իմ կարծիքով՝ ճիշտը մարդկանց կանխիկով փոխհատուցելն է»,- ասաց նախարարը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ