Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին այսօր ԱԺ-ում 2017-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը հարցրեց՝ անցյալ տարի ԱԺ-ն օրենք ընդունեց՝ համայնքների խոշորացման համար, որը հետապնդում էր՝ 3 նպատակ՝ ֆինանսական տնտեսում, երկրորդը՝ համայնքների համաչափ զարգացում եւ կառավարման արդյունավետության բարձրացում: Նա ասաց, որ հասկանում է՝ պաշտոնավարման ժամանակը նոր նախարարի շատ կարճ է, բայց հետաքրքիր է՝ իր կարծիքով խոշորացման հիմքում դրված նպատակները խոշորացված համայնքներում իրականություն դարձե՞լ են, թե՞ ոչ եւ խոշորացումը նման մեխանիզմով ընդունելի՞ է թե՞ ոչ:
Պապիկյանը պատասխանեց, որ բնականաբար, խոշորացումը ոչ արդյունավետ է իրականացվել. «Խոշորացման տերմինը հաճախ իրականացվել է բառիս իսկական իմաստով: Ես այստեղ հակված եմ կիրառելու համայնքների միավորում տերմինը, որովհետեւ միավորումը կամավորություն է ենթադրում, իսկ խոշորացումը արհեստական եւ վարչահրամայական ուղղություն ավելի շատ ունի: Տեսության առումով եւ նպատակներին հասնելու համար ձեր նշած 3 ուղղությունները հնարավոր է իրականացնել, սակայն նախկինում առկա գործիքները եւ գուցե քաղաքական կամքը բավարար չեմ համարում՝ դրան հասնելու համար: Զուտ թղթով կարող եմ ասել՝ այն , ինչ ինձ մատուցվել է, կարող եմ ասել, որ առաջին 18 համայնքներում ձեր ասած երեք ուղղություններն էլ բավարարված են, բայց որպեսզի ես ամբողջական պատկերացում ունենամ ու արդյունավետության գնահատականը տամ, ես պետք է հանդիպեմ համայնքների բնակիչների, ավագանու անդամների հետ, այդ ժամանակ կարող եմ գնահատել»:
Նախարարն ասաց, որ շատ են իրեն ուղղված նամակները ու դժգոհությունները, բազում խոշորացված համայնքների առանձին համայնքներ խնդրում են իրենց դուրս հանել համայնքի կազմից. «Այս խնդիրները պետք է ոչ թե ծածկել ու ասել՝ եղածը եղած է, այլ պետք է հասկանալ՝ ինչի՞ հետեւանքով ենք հասել այդ խնդիրներին»:
Նա ասաց, որ միջազգային պարտավորություններ էլ ունենք այդ ծրագրերի շարունակականության հարցում, ուստի պետք է անհատական մոտեցում ցուցաբերեն, ոչ մի գյուղի խնդիր չպետք է անտեսված լինի. «Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ այսուհետ չեն լինի այնպիսի միավորումներ, որոնք տեղի կունենան՝ առանց համայնքների, բնակիչների շահը հաշվի առնելու, առանց քննարկելու»:
Ի դեպ, այսօր հաշվետվություն պետք է ներկայացնեին նաեւ մարզպետները, բայց քանի որ մարզպետների մեծամասնությունը դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու համար, բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացրեցին նրանց տեղակալները: Նոր մարզպետները կարծես թե դեռ հունի մեջ չեն մտել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ