«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի տեղեկացմամբ՝ «Աշխատանքային օրենսգրքի» փոփոխությունների նախագծում տեղ գտած մտահոգիչ դրույթների վերաբերյալ տեղեկացրել են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը վստահեցրեց՝ նախագծի ստեղծումը միտված էր գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղված գործատուների վարչական բեռի թեթևացմանը. «Նախագիծը ստացել էր այնպիսի տեսք, որը տարածվում է բոլոր տեսակի գործատուների վրա և այդ կարգավորման արդյունքներով վտանգվում է աշխատողի իրավական պաշտպանվածությունը: Առաջանում են աշխատողների շահագործման հնարավոր ռիսկեր»:
Հերիքնազ Տիգրանյանը հայտնեց, որ իրենց պահանջն է ողջամիտ ժամկետում հետաձգել նախագծի՝ կառավարություն ուղարկելը կամ ԱԺ ուղարկելը մինչև այդ հարցերի շուրջ գան ընդհանուր համաձայնության: Նա նշեց. «Այս նախագծի վերաբերյալ բացասական տեսակետ են հայտնել նաև առողջապահական տեսչական մարմինը, արհմիությունները և Աշխատանքի միջազգային կազմակերպության գրասենյակը»:
Միևնույն ժամանակ Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրեց, որ օբյեկտիվ կարծիք չի լինի նաև ասել, որ նախագիծը լրիվ բացասական է:
ՄԻՊ աշխատակազմի Հետազոտական և կրթական կենտրոնի գլխավոր մասնագետ Տիգրան Մելքոնյանը, անդրադառնալով Աշխատանքային օրենսգրքի նախագծի՝ արտաժամյա, գիշերային աշխատանքի հավելավճար տրամադրելու և լրացուցիչ վարձատրության դրույթներին, ասաց. «Առաջին հայացքից, եթե դիտում ենք դրույթները, խնդրահարույց բան չենք նկատի, մինչև չհամադրվեն ՀՀ-ում աշխատանքային ոլորտում առկա իրավիճակի հետ: Ունենք իրավիճակ, երբ աշխատողների իրավունքները, մեղմ ասած, այդքան էլ պաշտպանված չեն: Բացակայում է ոլորտի և աշխատանքային հարաբերությունների վրա հսկողությունը, մշտադիտարկում իրականացնող արտադատական մարմինը, ուստի այս դրույթների ներդրումը կարող է փոքր-ինչ ռիսկային լինել: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ աշխատողը վախենում է աշխատանք կորցնելու համար, պետք է բանակցի գործատուի հետ, ուստի համաձայնության է գալիս յուրաքանչյուր առաջարկի հետ: Նախագծի մշակումից կառաջ է քաշվում այն վարկածը, որ նման դրույթներով հնարավոր կլինի ավելի ամրապնդել աշխատանքային իրավական մեխանիզմները»:
Ըստ Տիգրան Մելքոնյանի՝ պետական սեկտորում աշխատողների իրավունքներն ավելի պաշտպանված են. հստակ գրված է՝ որքան արձակուրդ են գնալու համեմատած մյուսների հետ, որոնք պետական սեկտորում չեն աշխատում: Նա տեղեկացրեց, որ այս դրույթների վերաբերյալ ներկայացրել են մի քանի առաջարկ:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» ներկայացուցիչ Տաթևիկ Խաչատրյանը կարևորեց արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հարցը. «ՀՀ-ն վավերացրել է Աշխատանքի համաշխարհային կազմակերպության պայմանագիրը, որը վերաբերում է հենց աշխատանքի տեսչությանը և նախանշում, որ վերահսկողություն իրականացնող մարմինը բավականին անկախ պիտի լինի և առանց կոռուպցիոն շահերի բախման վերահսկողություն իրականացնի: Գործառույթներից է վերահսկել, որ աշխատանքի պայմանները լինեն համապատասխան սրության և աշխատողների իրավունքները պաշտպանվեն: Ներկա տեսչական մարմինն այդ պայմանները չի բավարարում»:
«APR Group» ՀԿ-ի նախագահ Ռուբեն Սարգսյանը մտահոգություն հայտնեց. «Ամենը տարվում է նրան, որ այս ամենը հարմարեցվել է զուտ գործատուին, այն էլ ավելի խոշորների մասին է խոսքը՝ արդյունաբերող և այլն, որտեղ կարելի է շահագործել աշխատողին և ոչ մի խնդիր չի առաջանա»:
Արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը, հիշելով նաև հին նախագիծը, նշեց. «Նախագծով նախատեսված այդ փոփոխությունները բխում են միայն գործատուի շահերից: Ավելին, նախագծի սկզբնական տարբերակով այնպիսի արտառոց հոդվածներ էին նախատեսում, որ ուղղակի կարդացողը շշմում էր: 105 հոդվածով նախատեսվում էր, որ գործատուն իրավունք ուներ փոփոխել աշխատողի աշխատանքի էական պայմանները: Աշխատավարձի չափի մասին այլ է ասում օրենքը: Օրինակ՝ աշխատանքի տևողությունը կարող էր գործատուն ցանկացած պահի փոխել առանց աշխատողի կարծիքը հաշվի առնելու: Այդ նախագիծը բարեբախտաբար փոխվեց: Աշխատողի աշխատատեղի հետ կապված՝ գործատուն կարող է ցանկացած ժամանակ աշխատողին ասել, թե դու, օրինակ, Երևանում ես ընդունվել աշխատանքի, բայց պետք է գնաս Կապանում աշխատես: Կամ օրինակ՝ անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր ենք քեզ հետ կնքել, բայց հիմա պետք է, որ մեկ կամ երկու ամսով կնքել: Այս նախագիծը միջազգային կազմակերպությունների ճնշման ազդեցության տակ հանեցին»:
Դառնալով ներկայիս օրենսդրությանը՝ պարոն Փիլիպոսյանն ասաց. «Հիմա աշխատանքային պայմանների փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն օրենքով նախատեսված առանձին դեպքում: 105-րդ հոդվածի առաջին մասով սահմանված են այն պայմանները, որոնց դեպքում գործատուն իրավունք ունի այդ քայլին դիմելու. դրա համար նախ պետք է աշխատողին առաջարկեն, եթե չի համաձայնվի, համապատասխան ժամկետ է տրվում կողմնորոշվելու: Եթե աշխատողը պնդում է, ապա դրվում է աշխատանքային պայմանագրի լուծման հարցը: Սա բխում էր օլիգարխ, իշխանավոր գործատուների շահերից, որոնց ձեռքին էր գտնվում նաև պետական իշխանությունը, կառավարությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝«Մեդիա կենտրոնի»