Հայտարարություն աբխազական անձնագրով ՀՀ սահմանը հատելու դեպքի մասին
Օրերս հայկական ու վրացական լրատվամիջոցները հայտնեցին, որ մի աբխազ երիտասարդ ՀՀ տարածք է մուտք գործել Վրաստանի կողմից չվերահսկվող ինքնահռչակ Աբխազիայի անձնագրով։
Խամիդա Արջենիա անուն-ազգանունով Facebook սոցիալական ցանցում գրանցված անձը հրապարակել է անձնագրի նկարը: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, Արջենիան Ադլերից Հայաստան է ժամանել ինքնաթիռով, իսկ «Զվարթնոց» օդանավակայանում նա անցակետը հատել է հենց աբխազական անձնագրով: Թեև Արջենիան ջնջել է այդ հրապարակումը, սակայն դրա սքրինշոթը տարածում է գտել վրացական և հայկական լրատվամիջոցներում: Հատկանշական է նաև այն, որ ըստ տարածված նկարի, օգտատերը նշված գրառումն արել է մայիսի 16-ին, իսկ որոշ լրատվամիջոցներում այն սկսեց տարածվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարելիք այցի նախօրեին՝ մայիսի 29-ին:
Ըստ հրապարակված լուսանկարի, աբխազական անձնագրում առկա է «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայության երկու կնիք, որոնք հավաստում են մայիսի 11-ին հանրապետություն մուտք գործելը և 15-ին՝ դուրս գալը:
Նշվածը հստակ հակասում է Հայաստանի օրենսդրությանը, քանի որ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անձնագիրը պետք է տրված լինի օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից: Իսկ Աբխազիան Հայաստանի կողմից ճանաչված չէ որպես պետություն: Հետևապես, Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության կողմից տրված որևէ փաստաթուղթ չի կարող Հայաստանի Հանրապետությունում համարվել անձնագիր:
Կարևորելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հատման կարգի օրինականության պահպանումը, ինչպես նաև Վրաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում՝
1. Լրջորեն զբաղվել սույն միջադեպի հետաքննությամբ՝ միջադեպի ճշմարտացիությունը ստուգելու և հնարավոր մեղավորներին պատասխանատվության կանչելու նպատակով։
2. Միջոցներ ձեռնարկել հետագայում նման միջադեպերը բացառելու ուղղությամբ (այդ թվում՝ ՀՀ-ում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահների կողմից):
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ