Այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընթացող «Սասնա ծռեր» խմբի անդամներից մի մասի գործով դատական նիստում ամբաստանյալներից Մանվել Աթոյանի (լուսանկարում) շահերի պաշտպան, փաստաբան Արա Ղարագյոզյանը դատարանին ներկայացրեց Աթոյանի խափանման միջոց կալանքը փոխելու, ասել է թե՝ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն:
Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց պաշտպանի միջնորդությունը բավարարել եւ Աթոյանին կալանքից ազատ թողնել՝ մեկ միլիոն գրավի վճարման դիմաց:
Իսկ դա ենթադրում է, որ երբ դատարանի դեպոզիտի հաշվին կփոխանցվի նշյալ գումարը, Աթոյանը կալանքից կազատվի:
Հիշեցնենք, որ Մանվել Աթոյանը ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբավորման անդամ չէ: Աթոյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
Ըստ մեղադրական եզրակացության՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներից Էդուարդ Գրիգորյանը Մանվել Աթոյանին է փոխանցել իր հարազատներից չորսի հեռախոսահամարները եւ ծածկագրված նախադասություններ, Աթոյանն էլ նրան նախապես խոստացել է աջակցել:
Նա, երբ Էդուարդ Գրիգորյանից հեռախոսազանգով իմացել է, որ ՊՊԾ գունդն արդեն զավթել են, զանգել է այդ հեռախոսահամարներով եւ հայտնել ծածկագրված նախադասությունները, ապա մտադրվել է զինվել ու միանալ խմբին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մանվել Աթոյանը նաեւ ձեռք է բերել շշեր, բենզին, պատրաստել հրդեհիչ խառնուրդ՝ «Մոլոտովի կոկտեյլներ», իսկ խմբի անդամներից Մխիթար Ավետիսյանից խորհուրդներ ստացել դրանց ճիշտ պատրաստման մասին:
Հիշեցնենք, որ մինչեւ «Իմ քայլը» ժողովրդական շարժումը նման միջնորդություն էլի էր ներկայացվել, սակայն՝ մերժվել: Աթոյանից առաջ այսօր կալանքից ազատվել էին Խաչատուր Գիչյանը, իսկ ավելի վաղ՝ Կարո Եղնուկյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ