Այսօր ԱԺ-ում 2017-ի բյուջեի կատարման հաշվետվության նախնական քննարկման ժամանակ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ասաց, որ այս տարի արդեն արտահանվել է 46 հազար տոննա պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա 27 հազարի դիմաց. «Տարին, համեմատած անցյալ տարվա հետ, աչքով չտանք, բարենպաստ է, հույս ունենք, որ գյուղատնտեսության բնագավառում էական աճ կգրանցենք: Այս տարի արդեն համարյա կրկնակի աճ ունենք, ես ինքս խոսել եմ ՌԴ-ի նորանշանակ նախարարի հետ, մեր արտադրանքի զգալի մասը արտահանվում է ՌԴ, խոսել եմ, որ կարողանանք սահուն կերպով մեր մթերքները իրացնենք ռուսական շուկայում: Այստեղ սննդի անվտանգության հետ կապված որոշակի խնդիրներ կան, գիտեք, լոլիկի հետ կապված խնդիրներ են եղել, լուծում ենք խնդիրները, որ չխոչընդոտենք արտահանումներին եւ մեր գյուղացիական տնտեսություններին կոլապսի եզրին չկանգնեցնենք»:
Կաթի մթերումների հետ կապված նախարարն ասաց, որ առաջարկի եւ պահանջարկի խնդիր ունենք. «Ձմռանը 200-220 դրամ է կազմել, բայց դե մի կովի կաթնատվությունը 5 լիտրի չէր հասնում, եւ դա մսուրային պահվածք էր: Այսօր արոտավայրերում են գտնվում խոշոր եղջերավոր կենդանիները, կաթի ծավալն ավելացել է, յուղայնությունն իջել է, ձեռնարկությունները, որպեսզի ավելի շատ մթերեն, պետք է ավելի շատ պանիր վաճառեն, իսկ պանրի սպառումն այնքան էլ մեծ սեզոնային բնույթ չի կրում եւ գների տատանումներն էլ մի քանի տոկոսային կետի շրջանակներում են: Եթե շատ թանկանա, արտահանման խնդիր կունենա, որոշ ձեռնարկություններ գնում են կաթի փոշի արտադրելու նպատակով: Պարզ առաջարկի կորը ինչ-որ մի տեղ պետք է պահանջարկի կորի հետ հատվի: Նվազագույն գները ֆիքսելու մասին առաջին անհրաժեշտության ապրանքների գների վրա թերեւս արժե այդ հարցի շուրջ մտածել»:
Խաչատրյանը նաեւ ասաց, որ կոոպերատիվների ամբողջ գործունեությունը վերանայելու կարիք ունենք. «Կոոպերացիան լինի ոչ միայն արտադրության, այլ նաեւ սպառման բնագավառներում եւ այստեղ նա կմիավորի արտադրողներին, գյուղարտադրողները կկարողանան իրենց համար ավելի բարվոք պայմաններ ստանալ թե արտահանողների, թե վերամշակողմերի հետ իրենց բանակցությունների շրջանակներում: Կոոպերացիան նախարարության առաջնահերթություններից մեկն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ