Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կով կթել էլ է պետք սովորացնել, ուղղակի պետք է նենց սովորացնել, որ սովորացրածը օգտակար լինի». Գյուղնախարար

Մայիս 31,2018 14:55

Այսօր ԱԺ-ում 2017-ի բյուջեի կատարման հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին ասաց, որ կասկածի տակ է առնվում գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի արդյունավետությունը. «Դրանցից մեկը, ասենք, 2017-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ նախարարության կողմից երեւի թե սխալ պլանավորման արդյունքում ձեռք է բերվել սերմացու, որի ընդամենը 41 տոկոսն է իրացվել, այսինքն, 59 տոկոսը, որը կազմում է 346 մլն 216 հազար դրամ, չի օգտագործվել»:

Կյուրեղյանը նաեւ այլ ծրագրերի արդյունավետությանը անդրադարձավ: Նա նշեց, որ 2017- ին գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները (ԳԱՄԿ) եւ ԾԻԳ-երը վերամիավորվեցին հիմնադրամի ներսում եւ հիմա կասկածներ կան ԳԱՄԿ-երի խնայողությունների, օգտագործվող ռեսուրսների, ծախսերի արդյունավետության վերաբերյալ. «ԳԱՄԿ-երի կողմից իրականացվել են գյուղացիներին խորհրդատվության դասընթացներ, դա այն դեպքում, երբ նույն հիմնադրամի կազմում ԾԻԳ-երի կողմից իրականացվող շատ ծրագրեր կյանքի չեն կոչվել, որովհետեւ համապատասխան ֆինանսավորումն ուշացել է նախարարության կողմից: 2017-ի նոյեմբերին նույն հիմնադրամում ընդունվել են 27 աշխատակիցներ եւ դեկտեմբերին ստացել են 9 մլն-ից ավելի պարգեւավճար՝ մեկ ամսվա աշխատանքի դիմաց, սա այն դեպքում, երբ մենք գիտենք, որ մեր գյուղացիները գարնան սկզբին ճանապարհ էին փակում եւ կաթի մթերման գների անհիմն իջեցման դեմ էին պայքարում: Կյուրեղյանը հարցրեց՝ ԳԱՄԿ-երի գործունեության շարունակությունը վերագնահատելու խնդիր չկա՞:

Նախարարը պատասխանեց, որ սերմացուի չօգտագործելը դիզելային վառելիքի հետ է կապված. «Պետք է հասկանանք՝ պլանավորման թերություններ կարող են լինել: Ընդհանրապես սուբսիդավորվող ծրագրերի նկատմամբ ես որոշակի վերապահումներ ունեմ՝ ի՞նչն է լավ՝ գնել սերմացու կամ պարարտանյութ, սուբսիդավորել, վաճառե՞լ, թե՞ շուկան բացել, թող գան իրենց ապրանքը վաճառեն: Այստեղ լուրջ ուսումնասիրության կարիք ունենք»:

ԳԱՄԿ-երի եւ ԾԻԳ-երի հետ կապված նա ասաց, որ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունը խիստ կարեւորում են. «Ունեք նաեւ վարչապետի հանձնարարականը, չէի ուզենա այսօր հստակ պատասխան տալ, ուսումնասիրությունների փուլում են գտնվում, բայց որ ստացված ազդակները խիստ մտահոգիչ են, ու ուսումնասիրության կարիք ունեն՝ միանշանակ է»: Նախարարն ասաց, որ որոշակի խնդիրներ կան թե՛ արդյունավետության, թե՛ ուղղությունների հետ կապված. «Այն, որ ԳԱՄԿ-երը միացան՝ լավ է, բայց որ մեր գյուղացիական տնտեսություններն ունեն խորհրդատվության կարիք՝ դա անժխտելի է, աշխարհն առաջ է գնում, մեր գյուղացիները պահպանողական են»:

Կյուրեղյանն ասաց, որ խորհրդատվական դասընթացները պետք է արդյունավետ հունով տանել: Փոխանակ մենք սովորեցնենք գյուղացուն ինչպես կթել կովերը, եկեք այդ գումարը ուղղորդենք կաթի գների շահավետ երաշխավորված սուբսիդավորման համար: Դասընթացները պետք է լինեն նպատակային՝ նորարարական այգիներից օգտվելու համար, բայց ոչ այնպիսի թեմաների համար, որոնք մեր գյուղացիներին այսօր պետք չեն:

Նախարարը պատասխանեց, որ վիճելի է՝ պե՞տք են, թե՞ պետք չեն. «Այսօր կաթի գների հետ կապված խնդիրն առաջացել է նաեւ այն պատճառով, որ արդյունավետությունը ցածր է: Եթե գյուղացին մեկ կովից ստանա 7000 լիտր կաթ՝ 1900-ի փոխարեն, ինքը այդ գնից շատ գոհ կլինի: Իրականում կով կթել էլ է պետք սովորացնել, ուղղակի պետք է նենց սովորացնել, որ սովորացրածը օգտակար լինի, եթե դուք ուղղակի փոխաբերական կով կթելուն եք տանում…»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ կատակեց. «Անշուշտ, ես հասկանում եմ, որ նախարարներին պետք չի ծանրաբեռնել կթելու վրա, այդպիսի գործերը փոքր գործեր են, ավելի մեծ գործեր են պետք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031