Ինչպես տեղեկացրել ենք՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի մի քանի նախկին աշխատակիցներ ու ուսանողներ պահանջում են տնօրեն Կարինե Ավդալյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով տարբեր կոռուպցիոն պատմությունների մեջ։
Կարինե Ավդալյանն իր հերթին այս ամենը որակում է զրպարտանք՝ խորհուրդ տալով իրենց բողոքը հայտնել իրավապահ մարմիններին։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց․ «Համացանցում զետեղված «Արվեստի կրթօջախը վերածել են առևտրի կենտրոնի․կոնսերվատորիայի շրջանավարտ» և «Ինձ 2500 դրամ աշխատավարձ են տվել, պայմանագիր էլ չեն կնքել․ կոնսերվատորիայի նախկին աշխատակից» վերտառությամբ տեսաձայնագրությունները, որոնք պարունակել են տվյալներ ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին ուսանողից կաշառք պահանջելու և մի շարք այլ ապօրինությունների վերաբերյալ, 30․05․2018 թվականին իմ կողմից գրությամբ ուղարկվել են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին, միաժամանակ հանձնարարվել է նշված տեսագրություններում պարունակող տվյալների կապակցությամբ ձեռնարկել ստուգողական աշխատանքներ, արդյունքները հայտնել մարզի դատախազին»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
1. Ինձ շատ դուր եկավ դատախազի, այս էլ 2-րդն եմ նկատում, օպերատիվ անդրադարձը, որում հատկապես հետաքրքիր է թիրախավորված հայտարարություններից առաջինը՝ այն հայերեն գրանիշերին չտիրապետող առեւտրական ուսուցչինը: Ո՞նց կարող է մտածող մարդը աշխատած լինի առանց ձեւակերպման… օրինակ, մտածում եմ ու առաջարկում, որ քննությունը անդրադառնա, կարող է՞ այդ ժամանակահատվածում Լիանա Սեֆերյանը նպաստառու է եղել եւ, եկամուտ է թաքցրել: Այլապես ինչու՞ պետք է հանդուրժեր առանց ձեւակերպման աշխատելու պայմանը:
2. Եթե հաջողվի ապացուցել Ավդալյանի դեմ կաշառակերության մեղադրականով ինչ-որ ցուցակ վկայակոչող օրիորդի հայտարարության հանցակազմը, կարող ե՞նք հուսալ, որ Շիրակի մարզի կրթության, սպորտի ու երիտասարդության բաժնի թե վարչության նախկին պետ Սահակ Մինասյանի կաշառակերության մասին լուրերին ու խոսակցություններին էլ կանդրադառնա դատախազությունը:
3. Շատ կուզենայի ունենալ վերոհիշյալ հարցերիս պատասխանը՝ ինձ համար մեր մարզի դատախազի արդարամտության մոտիվացիան ճշտելու, նրա մասին սեփական կարծիք կազմելու համար: