«Հարցը միայն «Ալեքս Հոլդինգ»-ի խնդիրը չէ. ՀՀ-ում հարկային եւ մաքսային դաշտը պետք է կարգավորվի: Եթե մինչ այս մարդիկ խաղի այլ կանոններով են գործել, ապա այլեւս դրանցով չեն գործելու»,-Aravot.am-ի եւ «Հանրային ռադիոյի» հետ զրույցում այսօր անդրադառնալով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ»-ում ԱԱԾ-ի երեկ հայտնաբերած խախտումներին, ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Նոր խաղի կանոններ կան՝ բոլորը պետք է պարտադիր հարկերը վճարեն»,-ընդգծեց Մարուքյանը:
Նա համաձայն չէ կարծիքների հետ, թե կատարվածը Սամվել Ալեքսանյանի հանդեպ քաղաքական հետապնդման տարրեր է պարունակում. «Խոսքը պարզապես հարկերը վճարելու մասին է»:
Աշնանը նախատեսվելիք խորհրդարանական ընտրությունների շուրջ ՀՀԿ-ի հետ համաձայնության գալու հնարավորության մասին էլ Մարուքյանը նշեց՝ այս պահին համաձայնություն չկա. «Ընտրական օրենսգրքի փոփոխություններով զբաղվող խումբ պետք է ստեղծվի, ինչից հետո կարող ենք ընտրությունների մասին հստակ խոսել»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ