Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լավատեսությունը չափազանց մեծ չէ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գրանցված խախտումների վերաբերյալ միջազգային արձագանքների մասով. Արցախի մարդու իրավունքների պաշտպան

Մայիս 31,2018 14:04

Այսօր Արցախի խորհրդարանում մեկնարկեց յոթերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը` խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորեց ներկաներին` մայիսյան տոների առթիվ, ընդգծելով, որ պատմության տարբեր ժամանակահատվածներում հայության համար բախտորոշ և վճռական հաղթանակներ եղել են հենց մայիս ամսում, որոնք վճռական են եղել ազգային ինքնության պահպանման և սեփական ճակատագիրը տնօրինելու տեսանկյունից:

Նիստի օրակարգում առաջինը Գերագույն և վերաքննիչ դատարանների դատավորներ նշանակելու մասին հարցն էր:

Նոր Սահմանադրության համաձայն` շարունակելով խորհրդարանում դատավորների ընտրության կարգը Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայացրեց վերաքննիչ դատարանի դատավոր Հրայր Աբրահամյանի թեկնածությունը` Գերագույն դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար, իսկ վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում`ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Մարատ Ավանեսյանի թեկնածությունը:

Փակ գաղտնի քվեարկությամբ առաջադրված երկու թեկնածուններն էլ ընտրվեցին համապատասխան պաշտոններում:

Նիստի օրակարգի հարցերից էր Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի տարեկան հաղորդումը` Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին:

Ռուբեն Մելիքյանը 2017 թվականը հաստատության համար որակեց բավականին հագեցած տարի և բավական կարևոր` Արցախում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

«2017 թվականին 150 անձից ստացել ենք 119 դիմում (թվերի տարբերությունը պայմանավորված է կոլեկտիվ դիմումներով), ինչը 2016 թվականի համեմատ գրեթե նույնն է: Դիմումներում մեծ կշիռ ունեն սոցիալական ապահովության, բավարար կենսամակարդակի ապահովման և աշխատանքային իրավունքների հետ կապված դիմումները: Բավական ակտիվ ենք եղել միջազգային շփումներում, մի քանի միջազգային այցեր ենք ունեցել, որոնք թիրախավորել ենք երեք ուղղություններով. տեղեկատվության մատուցում և կապերի հաստատում միջազգային կազմակերպությունների հետ, միջազգային կառույցներում ներկայացվածություն և սփյուռքյան կառույցների հետ աշխատանքը»,- նշեց Ռ. Մելիքյանը:

Նա ընդգծեց, որ հաշվետու տարում իրենց կարևորագույն խնդիրը շարունակում է մնալ 2016 թ. ապրիլին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով գրանցված մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումների անբավարար միջազգային արձագանքը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին Ռ. Մելիքյանը ասաց, որ իրենք քաղաքական հայացքների վերաբերյալ հետապնդումների մասով որևէ դիմում չեն ստացել:

Ինչ վերաբերում է 2016 թվականի ապրիլին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գրանցված խախտումների վերաբերյալ, անբավարար միջազգային արձագանքներին, ապա Ռ. Մելիքյանը նշեց, որ դեռևս ակնկալիքներ ունեն, բայց լավատեսությունը չափազանց մեծ չէ` հաշվի առնելով ժամանակային և քաղաքական գործոնները:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031