Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով ձերբակալվել է 5 անձ

Մայիս 31,2018 13:14

Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։

Մշակվել է քննչական պլան, ստեղծվել քննչական խումբ և ըստ դրվագների՝ կատարվում է բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, միջոցներ ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նախաքննության ընթացքում ներբեռնվել և քրեական գործին են կցվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսագրությունները, ինչպես նաև՝ դեպքին առնչվող մամուլում կատարված հրապարակումները, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 5 անձ՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանը, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանը, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանը, 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031