Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանցագործության գաղտնի հատակը

Մայիս 31,2018 13:10

ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, թե մի խումբ սուպերմարկետների տերեր համաձայնություն են ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ և գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը սուպերմարկետների ցանցից իրականացրել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ:

Ընդ որում, դա արվել է բավականին բացահայտ, առնվազն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի պնդմամբ այն մեխանիզմը, որը գործել է ցանցային սուպերմարկետներում, ներդրվել է իբր գյուղմթերքի գները մատչելի պահելու համար, բոլորի իմացությամբ, տեղի ունեցած քննարկման արդյունքում, որին մասնակցել է նաև անձամբ ինքը:

Թվում է, թե այստեղ մեկնաբանություններն ավելորդ են: Կա կազմակերպված հանցագործություն, որը պարզ ու հասկանալի նկարագրված է նույնիսկ մեր խրթին ու անհասկանալի քրեական օրենսգրքում, այն է` պաշտոնական դիրքի չարաշահում, հարկերից չարամտորեն խուսափում, անապրանք մատակարարում, կեղծ ձեռնարկատիրություն, որը բավականին լուրջ պատժամիջոցներ է նախատեսում:

Բայց իրականում ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, հանցագործությունը գաղտնի դարակ էլ ունի և հավանաբար ոչ միայն մեկը:

Սեդրակ Ասատրյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Սկսենք նրանից, որ գյուղմթերքի հարկմանն այդքան դիվերսիֆիկացված մոտեցումն ինքնին ենթադրում էր, որ ոմանց համար դժվար չէր լինելու կռահել օրենքն այսքան պարզունակ եղանակով շրջանցելու հնարավորությունը: Այսինքն՝ օրենքը գրելիս արդեն հավանաբար նկատի են ունեցել իրենց աջակիցներին արտոնություններ տրամադրելու հնարավորությունը: Եթե գյուղմթերքի գներից էին անհանգստանում, մի՞թե չէր կարելի դա օրենքով անել ու ամենքի համար, չէ որ և կառավարությունն էր իրենց ձեռքում եւ ԱԺ-ն: Ոչ, չէր կարելի: Այդ դեպքում բոլորը հավասար պայմաններում կլինեին ու չէր գործի արտոնյալության սկզբունքը:

Լավ իմանալով մեր շատ գործարարների մենթալիտետը, որոնց մոտ, ինչպես ժողովրդական իմաստությունն է հուշում «ախորժակն ուտելիս է բացվում», դժվար չէր կանխատեսել, որ նրանք չեն բավարարվի միայն տեղական գյուղմթերքով: Արդյունքում նույն սկզբունքը գործել է բազմաթիվ այլ ապրանքատեսակների, ինչպես նաև ներկրված գյուղմթերքի դեպքում, որոնց համար ևս վճարվել է միայն շրջանառության հարկ։

Բայց սա էլ դեռ ամենը չէ՝ նման կիսագաղտնի, բանավոր որոշումներով, ՀՀԿ ղեկավարությունը փաստորեն գործարարների պատանդ է վերցրել, դարձնելով նրանց խամաճիկ, որը անտրտունջ կենթարկվի տիկնիկավարի ձեռքի ցանկացած շարժմանը: Հիմա պարզ է, թե գործարարները ինչու էին ֆինանսավորում նախընտրական կեղծիքները, անպայման ուզում պատգամավոր դառնալ, հլու հնազանդ պայքարում «երկիրը քայքայող» ընդդիմության դեմ ու իրար հերթ չտալով ապացուցում իրենց նվիրվածությունը: Միայն փորձիր շեղվել կուսակցության գծից և քեզ են սպասում ՀՀ քրեական օրենսգրքի 189 և 205 հոդվածները:

Կարծում եմ՝ գործը քննելիս պետք է անպայման բացվեն նաև գաղտնի դարակները:

Սեդրակ ԱՍԱՏՐՅԱՆ

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական ընկերության գլխավոր տնօրեն

«Երեւան Սիթիի» լուսանկարը՝  Tert.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031